Երեւանում անցկացվում է Հայաստանի երիտասարդական ակումբների եւ կենտրոնների համաժողով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-22-ին Երեւանում անցկացվում է երիտասարդական ակումբների եւ կենտրոնների համաժողով:



Համաժողովը կազմակերպվել է FYCA (Federation of Youth Clubs of Armenia) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության համամագործակցությամբ:



«Մեր նպատակն է ակտիվացնել երիտասարդական ակումբների գործունեությունը, դաշտ ստեղծել հայկական երիտասարդական բոլոր գործող ակումբների եւ կենտրոնների համագործակցության համար, բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը: Դրա համար մենք որոշել ենք ամեն տարի անցկացնել այսպիսի համաժողով», - այսօր համաժողովի ընթացքում PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրուցելիս ասաց FYCA հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը :



Նրա խոսքերի համաձայն, համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաեւ հրատարակել Հայաստանի երիտասարդական ակումբների եւ կենտրոնների տեղեկատու, որի մեջ կլինեն շփման բոլոր տվյալները, ինչպես նաեւ տեղեկություններ` կենտրոնների եւ ակումբների գործունեության մասին:



«Այսօր համաժողովը անցկացվում է պլենար նիստերի ձեւով, որին մասնակցում են ավելի քան 50 երիտասարդական ակումբների եւ կենտրոնների ներկայացուցիչներ, որից հետո կստեղծվեն աշխատանքային խմբեր` նոր ծրագրեր ստեղծելու, իսկ հետագայում նաեւ դրանք իրականացնելու համար», - ասաց Ատոմ Մխիթարյանը:



FYCA հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ. 7 երիտասարդական կազմակերպությունների միավորման արդյունքում, որոնք 2-3 տարի դրանից առաջ գոյություն ունեին: Կազմակերպության ֆինանսավորումը իրականացվում է տարբեր մրցութային ծրագրերով: 2008 թ. ավելի քան 100 երիտասարդներ տարբեր ծրագրերի շրջանակներում եղել են արտասահմանում: Մեկ տարվա ընթացքում իրականացվում է մոտ 50 ծրագիր: Տասը տարվա ընթացքում FYCA -ը դարձել է միջազգային երիտասարդական ծրագրեր իրականացնող ամենաակտիվ կազմակերպությունը: Վերջին երկու տարվա ընթացքում FYCA -ը ակտիվությամբ եւ իրականացրած միջազգային երիտասարդական ծրագրերի թվով գրավում է երրորդ տեղը` նախկին խորհրդային երկրների երիտասարդական կազմակերպությունների շարքում:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---