Հայաստանը միջազգային մակարդակով չի զբաղվում իր փախստականների հարցերով

PanARMENIAN.Net - «Գրեթե բոլոր հայ փախստականներն Ադրբեջանից, որոնք բնակվում են Հայաստանում, մեկ հիմնական խնդիր ունեն` սեփական կացարանի հարցը»,-նշել է Ադրբեջանում հայերի ջարդերի ականատես, բաքվեցի փախստական Էլեոնորա Ավետիսովան Երեւանում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, բազում փախստականներ մինչ օրս բնակվում են հանրակացարաններում կամ գործարանների տարածքում եւ չեն կարող սեփականաշնորհել տարածքը:



Իր հերթին Բաքվի ողբերգական իրադարձությունների ականատես Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ իրենք բազմիցս են դիմել պետական ատյաններին հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար` Ադրբեջանում կորցրած գույքի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով: «Փոխարենը պետական այրերը խորհուրդ են տալիս մեզ ընդունել ՀՀ քաղաքացիություն: Դա սխալ է, քանի որ մեր խնդիրներն այդպիսով չեն լուծվում»,-ասել է Խաչատրյանը:



Նա նաեւ հայտարարել է, որ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ցանկանում արծարծել իր փախստականների հարցը միջազգային ատյաններում, այն դեպքում, երբ Ադրբեջանն արհեստականորեն ոչնչից ստեղծեց այսպես կոչված «Խոջալուի խնդիրը»:



Պատասկանեխով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե պատրաստ են արդյոք հայ փախստականներն որպես փոխահատուցում հողատարածքներ ստանալ ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքներում` Խաչատրյանը նշել է, որ շատերը կհամաձայնվեն եւ հաճույքով տեր կկանգնեն այդ հողերին:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցենլ` «մաքրելով» քաղաքը հայերից:



1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---