Հայաստանում բազային կենսաթոշակը 8 000 դրամից կաճի մինչեւ 10 500 դրամ

Հայաստանում բազային կենսաթոշակը 8 000 դրամից կաճի մինչեւ 10 500 դրամ PanARMENIAN.Net - Նման որոշում է կայացվել այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։



Որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից, ընդունվել են գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերի դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խնդրի լուծման որոշումը կայացրել է ՀՀ նախագահը, որը դեռ ամիսներ առաջ խորհրդակցություն է գումարել այդ առթիվ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը առաջարկություններ է մշակել գազի թանկացման բացասական հետեւանքները մեղմելու նպատակով։ «Հարցը միայն սակագինը չէ, մենք գործ ունենք նաեւ գնաճի երեւույթի հետ, որը պետք է զսպվի Կենտրոնական բանկի եւ մյուս պատկան մարմինների ջանքերով, որպեսզի առաջիկա տարիներին վերադառնանք ավելի զուսպ գնաճի», - նշել է վարչապետը։



Նպաստի եւ կենսաթոշակի բարձրացումը բնակչության առավել խոցելի խմբերի համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում դիմագրավելու առկա դժվարությունները:



Ըստ Հայաստանի Վիճակագրական ծառայության, 2010թ. հունվար-փետրվարին սղաճի մակարդակը եղել է 2 ոտկոս:



Հայաստանի բնակչության համար 1 խմ գազի գինը ապրիլի 1-ից կկազմի 132 դրամ ամսական մինչեւ 10 000 խմ գազ օգտագործելու դեպքում եւ 243, 13 դոլար 1000 խմ դիմաց այն ձեռնարկությունների համար, որոնք օգտագործում են ամսական 10 000 խմ ավելի գազ: Իր հերթական նիստում այդ սակագներն է հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այժմ ՀՀ բնակչությունը 1 խմ գազի դիմաց վճարում է 96 դրամ, այն դեպքում, երբ ձեռնարկությունները վճարում են 215 դոլար: Այսպիսով, ապրիլի 1-ից գազի գինը կաճի 37,5 տոկոսով բնակչության համար եւ 13 տոկոսով` ձեռնարկությունների համար:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---