«Ուսանողական այգին» վերացման վտանգի տակ է

«Ուսանողական այգին» վերացման վտանգի տակ է

PanARMENIAN.Net - «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net ի կողմից ստացված հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:

Ըստ նախաձեռնող խմբի, մի քանի սերունդների կողմից սիրված «Ուսանողական այգին» (նախկինում` Ղ.Ղուկասյանի անվան) վերացման վտանգի տակ է: Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը: «Ընդամենը մեկ շաբաթում մենք դարձել ենք 2300 հոգի և պատրաստ ենք օգտագործել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր միջոցները զբոսայգու կառուցապատումը կանգնեցնելու համար: Տասնյակ կամավորներ արդեն իսկ մասնակցում են ստորագրահավաքին: Սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ», նշվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնող խումբը բաց նամակ է պատրաստվում հղել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին: Նամակի տակ ստորագրելու համար նախաձեռնող խումբը կազմակերպում է ստորագրահավաք, որը տեղի կունենա մայիսի 3-ից 7-ը` ժամը 18.00-20.00 Ա.Թամանյանի արձանի մոտ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---