ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում վերանայել հեռարձակման մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների նախագիծը

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հունիսի 2-ին Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը համապատասխանեցնել ԵԱՀԿ և եվրոպական չափանիշներին` նախքան նախագծի վերջնական ընդունումը:

«Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծությունը: Նախագծով նաև չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել թվայնացման գործընթացի համար»,- նշել է Միյատովիչը:

Միյատովիչը նշել է, որ վերջերս Հայաստան կատարած իր այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է իրեն, որ իր գրասենյակի և քաղաքացիական հասարակության առաջարկությունները հաշվի կառնվեն նախագիծը վերջնական տեսքի բերելուց առաջ: Միյատովիչը ողջունել է այն փաստը, որ նախագիծը քննարկվել է խորհրդարանի կազմակերպած հանրային լսումների ընթացքում:

Մայիսի 20-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը` այն հանրությանը ներկայացնելուց քիչ անց: Չորս օր անց` նախքան խորհրդարանական լսումները, Միյատովիչի գրասենյակը տրամադրել էր օրենքի նախագծի մասին փորձագիտական կարծիք` մանրամասնելով մտահոգություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Փորձագիտական կարծիքը, որը ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, նաև ներառում է առաջարկություններ լրամշակումների համար:

Ըստ փորձագիտական վերլուծության նախագծում առկա թերությունների թվում են հետևյալ խնդիրները.

- Նախագիծը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) այլևս չի պարտավորեցնում հիմնավորել հեռարձակման լիցենզիայի համար ներկայացված դիմումները մերժելու պատճառները,

- Անորոշ ժամանակով հետաձգում է թվային հեռարձակման համար մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման հնարավորությունը,

- Օրինագիծը ՀՌԱՀ-ի ներկայիս պարտականություններից հանում է տարին առնվազն մեկ անգամ հաճախականությունների պլանը հրապարակելու պարտականությունը,

- Հստակ կաննոններ չի պարունակում արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման վերաբերյալ` փորձելով տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների բոլոր ձևերն ու տեսակները դնել ՀՌԱՀ-ի լիցենզավորման կամ թույլտվությունների խիստ ռեժիմի ներքո,

- Սահմանափակում է հեռուստաալիքների թիվը` առանց որևէ մեկնաբանության, - Չի համապատասխանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության և նշանակման միջազգային չափանիշներին: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մամլո ծառայութունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---