Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու կորուստը հայ քաղաքական և հոգևոր վերնախավի խղճի վրա է ծանրացած

Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու կորուստը հայ քաղաքական և հոգևոր վերնախավի խղճի վրա է ծանրացած

PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքական և հոգևոր շրջանակները հերթական անգամ իրենց գործողություններով լարվածության մեջ են պահում սեփական երկիրը, ինչպես նաև շատ հասարակական և քաղաքական գործիչների, որոնց անհանգստացնում են Վրաստանի հայկական համայնքի հիմնախնդիրները: Հերթական անգամ խախտվում են Վրաստանի հայ ազգաբնակչության կրոնական և այլ իրավունքները, հետևաբար այսպիսի պայմաններում հայ քաղաքական շրջանակները հերթական անգամ և հայ-վրացական հարաբերությունների անսասանությունը պահպանելու համար լռում են: Իսկ հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի հոգևոր գործիչների անվճռական գործողությունները նպաստում են, որ նմանատիպ գործողությունները կրկնվեն: Այս մասին ասվում է Ռուսաստանի ջավախահայ համայնքի հայտարարության մեջ:

«Այսօր ինչպիսին էլ լինեն Վրաստանի «հնէաբանների» հայտարարությունները, Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ հայկական եկեղեցին հայկական մշակույթի հուշարձան է, որը խայտառակ վիճակում է և վերջնականապես կործանման եզրին է գտնվում: Կատարվածի ողջ մեղքը հայ քաղաքական և հոգևոր գործիչների խղճի վրա է: Ամոթալի է նաև համաշխարհային հասարակայնության լռությունը:

Մենք կոչ ենք անում վրացական հոգևոր և քաղաքական դասին լինել առավել քաղաքակիրթ, հարգել ոչ վրացի ազգաբնակչության հոգևոր-կրոնական և մյուս բոլոր իրավունքները և Վրաստանի տարածքում գտնվող նրանց մշակութային արժեքները: Միևնույն ժամանակ կոչ ենք անում Հայաստանի քաղաքական և հոգևոր իշխանություններին ցուցաբերել ազգային պետական վարք, աջակցել Թբիլիսիի հայերին և նրանց արդարացի պահանջները, ամեն ինչ անել հետ վերադարձնելու համար Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցին Թբիլիսիի հայկական համայնքին», - նշված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի ջավախահայ համայնքի կարծիքով, հետագայում նմանօրինակ կոպիտ բռնազավթումներ թույլ չտալու համար անհրաժեշտ է.

1. Անմիջապես դադարեցնել միակողմանի հնէաբանական, որոնողական և այլ հետազոտական գործողությունները Թբիլիսիի հայկական Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու տարածքում.

2. Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հունվարյան նիստի ժամանակ ընդունած որոշման համաձայն, Մուղնեցոց հայկական եկեղեցու ուսումնասիրման, վերականգնման և վերակառուցման բոլոր հարցերը համաձայնեցնել և իրականացնել հայկական կողմի հետ.

3. Հանգստություն պահպանելու և ազգամիջյան ատելությունը բացառելու համար դադարեցնել չհաստատված և սուտ լրատվությունները:

Հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքով հաղորդում է եթեր արձակվել այն մասին, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու հնէաբանական պեղումների ժամանակ պարզվել է, որ այն վրացական եկեղեցի է և հիմնադրվել է 13-14-րդ դարերում:

Վրաստանի ազգային թանգարանի հնէաբանական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլաևը հայտարարել է, որ այդ եկեղեցին վրացական է, սակայն նման փաստաթուղթ գոյություն չունի և միայն ներկայում տարվող աշխատանքների արդյունքում է այդ մասին հայտնի դարձել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---