Հայաստանի, Վրաստանի և Իրանի հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները համագործակցություն են սկսում

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությունը և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում են հաշմանդամության վերաբերյալ շարադրությունների, էսսեների և հոդվածների մրցույթ: Այս մասին հուլիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մոհամադ Շաքիբանը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը: Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր հայաստանաբնակ, անկախ տարիքից և մասնագիտությունից:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին: «Հաշմանդամներին հիշում են միայն այդ օրը, և մրցույթը խթան կդառնա, որպեսզի բնակչությունը հետաքրքրվի հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներով», - ընդգծել է «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:

Նա հայտնել է նաև մեկ այլ ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվում է Նորվեգիայի կառավարության աջակցությամբ: Այդ ծրագիրը նախատեսում է Հայաստանի, Վրաստանի և Իրանի հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման տարբեր միջոցառումներ: «Այդ համագործակցությանը կօգնի նաև չորս լեզվով կայքէջի ստեղծումը, որտեղ տեղադրվելու են տեղեկություններ նշված երկրներում հաշմանդամների հիմնախնդիրների լուծման միջոցների մասին, համեմատական վերլուծություններ և այլ օգտակար տեղեկատվություն», - ընդգծել է Արմեն Ալավերդյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---