ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Համազգային հայ կրթական և մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Համազգային հայ կրթական և մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:

Տարիների ավանդույթ ունեցող «Համազգայինի» ուսանողական ֆորումն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ է հետապնդում: Այս տարի ֆորումին մասնակցում է Հայաստանը և սփյուռքի տարբեր համայնքներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա,) ներկայացնող շուրջ 35 հայ ուսանող:

Ողջունելով երիտասարդների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն` տիկին Հ. Հակոբյանը ներկայացրել է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմությունը` անդրադառնալով երկրի ծանր վիճակին, որը ստեղծվել էր երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի, տնտեսական շրջափակման հետևանքով:

Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ պետություն է` իր հաղթանակած բանակով: «Մենք պետք է հզորացնենք մեր երկիրը` օգտագործելով մեր մտավոր ներուժը: Աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերում կրթություն ստանալով` հայ երիտասարդները պետք է իրենց մտավոր կարողությունները ներդնեն հայրենիքի շենացման գործում», - ասել է Հ. Հակոբյանը:

Նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Սփյուռքահայ երիտասարդները դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության մեկ տարվա գործունեության մասին պատմող տեսանյութ, ծանոթացել նախարարության հրատարակած գրքերին:

«Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար: Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է, այլ նրա համար, որ այն քոնն է», - հրաժեշտին ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---