Հրանուշ Հակոբյան. Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվեց «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով»: Մասնակցում էին երգարվեստի և պարարվեստի ճանաչված գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

Կարևորելով հայապահպանության գործում հայ մշակույթի անգնահատելի դերը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում ասաց. «Համաշխարհայնացման պայմաններում, երբ աշխարհը շատ արագ է փոփոխվում, փոքրանում, մենք պետք է մեր մշակույթով պահենք ու պաշտպանենք մեր ազգային ինքնությունը: Ինչպես հայոց բանակն է ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այնպես էլ դուք` մշակույթի նվիրյալներդ, ապահովում եք մեր հոգևոր անվտանգությունը: Այս առումով, արվեստի գործիչները, ինչպես կրթության բնագավառի վաստակաշատ մեր հայրենակիցներն ազգի հերոսներ են, տիտաններ»:

Նախարարն ընդգծեց մշակութային հիմնախնդիրների լուծման նպատակով միջոցառումների, գործողությունների ծրագիր ստեղծելու և այն հետևողականորեն իրագործելու անհրաժեշտությունը: Նա մասնավորապես, շեշտեց համայնքի ղեկավարների կողմից մշակութային ճիշտ քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, որի արդյունքում հայկական արմատներից հեռացած սփյուռքահայերը «կհայադարձվեն»: «Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել: Փորձենք համատեղ ուժերով զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը և ամրապնդել ու հզորացնել կապերը Հայրենիքի հետ», - ավելացրեց Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ ունեցան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, Սփյուռքի հայ համայնքների մշակութային խմբերի ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց այսուհետ կազմակերպել պարի, երգի, անհատական կատարողների մասնագիտական փառատոներ, նաև ստեղծել պարարվեստի գործիչների համակարգող խումբ, որը կուսումնասիրի և տեղեկություններ կհավաքի Սփյուռքի պարի խմբերի կարիքների վերաբերյալ: Նախարարը շնորհակալություն հայտնեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մասնակիցներին, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների ղեկավարներին և բարերարներին` փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---