«Հայաստան» հիմնադրամի ջանքերով և Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվել է Արծնիի դպրոցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը պաշտոնապես բացեց Լոռու մարզի Արծնի համայնքի դպրոցը, որը հիմնանորոգվել է Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Շուրջ 80 միլիոն ՀՀ դրամի չափով դրամաշնորհը Հնդկաստանի կառավարությունը «Հայաստան» հիմնադրամին տրամադրել է բարեկամ երկրներին ցուցաբերվող «Աջակցության ու զարգացման ծրագրի» շրջանակներում:

Հիմնանորոգվել է 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի համայնքի դպրոցականներին: Վերահատակագծված մասնաշենքում փոխվել են տանիքը, մանրահատակը, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ, կառուցվել է կաթսայատուն:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի շահառուները, այդ թվում` աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, համագյուղացիներ:

«Զգացված ենք, որ աշխարհի ամենահին երկրներից մեկի` Հնդկաստանի կառավարությունը ևս կարևորում է մեր սահմանամերձ դպրոցների հիմնախնդիրները: Առանց դպրոցի գյուղն ապագա չունի: Առանձնապես կարևոր է սահմանամերձ դպրոցների գոյությունը և դրանց նկատմամբ հոգածությունը», - շնորհակալական խոսքում ասել է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

Համայնքում սպասվում են նաև այլ փոփոխոթյուններ: Օրերս շահագործման կհանձնվի Հիմնադրամի կառուցած համայնքային կենտրոնը, ընթացքում է խմելու ջրի ծրագիրը:

«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կրթօջախը շատ կարևոր է անհատի, հասարակության և ողջ ազգի առաջընթացի համար: Որքան կարևոր է կրթությունը, նույնքան կարևոր է այն միջավայրը, որտեղ երիտասարդը կրթվում է: Ուրախ եմ , որ Հնդկաստանի կառավարությունն իր համեստ մասնակցությունը բերեց այս գեղեցիկ ծրագրին», - ասել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:

Համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը ցավով նկատեց, որ նախկինում համայնքի բնակչությունը շատ ավելի մեծ էր, և այսօրվա 49 աշակերտի փոխարեն գյուղի դպրոցում սովորում էր շուրջ 300 -ը: Մեկ այլ ծրագրով ներկայումս գյուղում ջուր է անցկացվում, և գյուղացիները հույս ունեն, որ ջուր կրելը գյուղի մերձակայքում գտնվող տարբեր աղբյուրներից շուտով հիշողություն կդառնա: Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք այսօր հանգեցրել են գյուղի երիտասարդների և հիմնական աշխատուժի արտագաղթին: Այդ խնդիրների շարքում գյուղապետն առաջնահերթ համարեց ջրի, գազի, մանկապարտեզի, ժամանցի կազմակերպման ձևերի բացակայությունը:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկաներին տեղեկացրել է, որ արդեն ավարտվել է Արծնիի համայնքային կենտրոնի կառուցումը, և կահավորվելուն պես այն իր դռները կբացի համայնքի առջև: Տնօրենը խոստացավ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դպրոցին նվիրաբերել նաև 5 նոր համակարգիչ, որպեսզի աշակերտները կարողանան տիրապետել նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---