Տաթևի վերածնմանը զուգահեռ՝ ՀԱՄՀ-ն մտադիր է նոր կյանք հաղորդել նաև ավանդական հայկական խոհանոցին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սկսել է երկար սպասված «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի խթանել կորցված խոհարարական բաղադրատոմսերի վերածննդի և նոր ճաշատեսակների ստեղծման գործընթացը` հիմնվելով հայկական մթերքի և ավանդույթների վրա: «Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում և կներառի Տաթևի վանքի շրջակայքում գտնվող հետևյալ վեց գյուղերը` Խնձորեսկը, Խոտը, Հալիձորը, Շինուհայրը, Տանձաթափը և Տաթևը:

Վերջերս «Խոհանոցի վերածնունդ» ծրագրի շրջանակներում մրցունակության հիմնադրամը Երևանում գտնվող «Շաֆրան» ռեստորանում կազմակերպել էր ճաշատեսակներ համտեսելու և գնահատելու միջոցառում: Միջոցառմանը մասնակցեցին մի շարք մասնագետներ խոհարարության բնագավառում, այդ թվում` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն ՀԿ-ի համակարգող Հասմիկ Կարապետյանը, «Թուֆենկյան» ռեստորանների խոհարար Ռուբեն Պողոսյանը, «Չարենցի 28» ռեստորանի համասեփականատեր Ալիս Աթարյանը, «Արվասար» ռեստորանի տնօրեն Ռուզան Նահապետյանը, «Օրեգանո» և «Շաֆրան» ռեստորանների սեփականատեր Փոլ Սիվրեյը ու խոհարար և սննդի դիզայներ Լուսի Դավիդյանը:

«Խոհանոցի վերածնունդ» ծրագիրը կներկայացվի հոկտեմբերին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի բացման արարողության ժամանակ` աշխարհի տարբեր վայրերից ներկա շուրջ 600 հյուրերի և միջազգային զբոսաշրջության լրագրողների ներկայությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---