Աղվան Հովսեփյան. Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը արդիական է, հասարակական կազմակերպությունների աջակցությունը` անհրաժեշտ

Աղվան Հովսեփյան. Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը արդիական է, հասարակական կազմակերպությունների աջակցությունը` անհրաժեշտ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական և անտառօգտագործման խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Կոտայքի և Լոռու փոխմարզպետեր Վ. Բակլաչյանը և Ա.Դարբինյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մաթևոսյանը, վերոհիշյալ նախարարությունների վարչությունների պետեր, ՀՀ դատախազության Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի դատախազներ, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձիք:

Աղվան Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց խնդրի հրատապությունը և կարևորությունը, մասնավորապես շեշտելով, որ. «ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ, պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետևողական և շարունակական միջոցառումներ իրականացնել»: Գլխավոր դատախազը հանդիպման մասնակիցներին առաջարկեց ներկայացնել տեսակետներ, կարծիքներ, առաջարկություններ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ դատախազության օրենսդրական նախաձեռնության մասին, որով նախատեսվում է հիշյալ ոլորտում խստացնել պատժողական քաղաքականությունը, օրենսդրական հիմքեր նախատեսել օրինախախտներին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու համար: Հանդիպման մասնակիցները առաջարկություններ ներկայացրեցին նաև ապօրինի անտառահատումների դեպքերի վիճակագրությունների համակարգված մեխանիզմներ ստեղծելու, հաշվառելու ուղղությամբ: ՀՀ դատախազության մարզային կառույցները ղեկավարող դատախազները ներկայացրեցին տեղերում տիրող իրավիճակը: Մասնավորապես ՀՀ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանը զեկուցեց, որ մարզի իրավապահ մարմինների կողմից նախապատրաստված նյութերը անհամեմատ ավելի շատ են, քան իրավասու այլ տեսչությունների կողմից իրավապահներին ներկայացված հաղորդումները:

Աղվան Հովսեփյանը ցուցում տվեց, որ ապօրինի անտառահատումների վերաբերյալ բոլոր դեպքերով ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան վարչությունների կողմից հայտնաբերված իրավախախտումների դեպքերի վերաբերյալ նյութերը ուղարկվեն տարածքային` մարզային դատախազներին, դրանցով հետագա ստուգուներ կատարելու, որոշումներ կայացնելու համար:

Գլխավոր դատախազը առաջարկեց մարզերում, անտառամերձ գոտիներում ստեղծել պահակակետեր, որոնք պետք է հսկողություն իրականացնեն ճանապարհների վրա, բացառելու համար ապօրինի ծառահատումների տեղափոխումը: «Եվ ամենակարևորը,- շեշտեց ՀՀ գլխավոր դատախազը,- այդ պահակակետերում հսկողական աշխատանքները պետք է անպայման կազմակերպվեն շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող կամ այլ հասարակական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչնեը անպայման պետք է ներգրավված լինեն այդ պահակակետերում և պետական ծառայողների հետ համատեղ իրականացնեն հասարակական հսկողություն, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելով զանգվածային լրատվամիջոցներին»: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավածության կարևորությունը, Աղվան Հովսեփյանի կարծիքով, պայմանավորված է նախևառաջ հասարակությանը հուզող այս խնդրում առավել թափանցիկություն ապահովելու, հասարակական վերահսկողության միջոցով ապօրինի անտառահատումների դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու նպատակահարմարությամբ: Բնապահպանության նախարար պ. Հարությունյանը նույնպես շեշտեց բնապահպանական ոլորտի աշխատանքների թափանցիկության ապահովումը, նշելով ծավալուն քարոզչական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությունը իրազեկվի թե ինչ է նշանակում սանիտարական հատում, ինչ աշխատանքներ են կատարվում և այլ հարցեր, որոնք ակնհայտորեն հուզում են հասարակությանը: Ա. Հարությունյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է վերստուգում, մոնիտորինգ իրականացնող մարմինների և դատախազության, հետաքննություն ու նախաքննություն իրականացնող մարմինների սերտ համագործակցությունը:

«Հայաստանը, Մեծ Հայքը, պատմագրության մեջ հաճախ հիշատակվել է որպես անտառախիտ տարածքներով տերություն: Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել բնության կողմից մեզ տրված այդ բարիքը»,- նշեց Աղվան Հովսեփյանը, ամփոփելով քննարկումը: Հանդիպման ավարտին, որոշվեց հաջորդ քննարկումը կազմակերպել տեղերում, իրականացված միջոցառումների արդյունքները ամփոփելու ժամանակ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---