Հայաստանի ապագա մայրերը պաշտպանում են իրենց իրավունքները

PanARMENIAN.Net - Մի խումբ երիտասարդ կանայք՝ Հայաստանում ապրող ներկա և ապագա մայրերը, նամակով դիմել են Հայաստանի նախագահին՝ խնդրելով չընդունել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Սույն նամակ-դիմումով Ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա և ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգևելով Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն երրորդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի արդյունքում մենք` ներկա և ապագա մայրերս, վտանգված ենք համարում մեր և մեր երեխաների ապագան, խնդրում ենք Ձեզ անհապաղ քայլեր ձեռնարկել նման վտանգավոր ռազմավարությունից զերծ մնալու համար. ռազմավարություն, որը սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի հետագա աճին, ռազմավարություն, որը խոստանում է նպաստել երկրից արտագաղթողների թվի աճին»:

«Նշենք, որ նախագծով սահմանվում է հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի /այսպես կոչված յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի/ նպաստների սահմանափակում: Այսպես, եթե մինչ օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով /140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով/, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով: Նման փոփոխությունը օրենսդրական դաշտում դիտարկում ենք որպես մեր սահմանադրական իրավունքի խախտում, քանի որ ոտնահարվում են ՀՀ Սահմանդրության 34, 35, 36 և 48-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները` այն է` յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք:

Քանի որ ներկայումս այս օրինագծի ընդունմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից և չստորագրելով այն, խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը և իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի` ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը»,-ասվում է նախագահին հղված նամակում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---