ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink -ին` Հայաստանում նորածինների մահացության ցուցանիշը կրճատելու ուղղությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink -ին` Հայաստանում նորածինների մահացության ցուցանիշը կրճատելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի ծննդատուն և Ավստրիական մանկական հիվանդանոց:

Արդեն երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատելու ուղղությամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել մայրաքաղաքի 11 հիվանդանոցների: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ ցանկալի արդյունքներն ակնհայտ են:

Ծրագրի հերթական փուլը մանկական մահացության թվի կրճատում է երաշխավորում Հայաստանի խոցելի մարզերում և սահմանամերձ այն բնակավայրերում, որոնք չունեն բժշկական անհրաժեշտ սարքավորումներ, իսկ մայրաքաղաքի հիվանդանոցներից օգտվելն էլ ուղղակի անմատչելի է` հեռավորության պատճառով: 2010 թվականին նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվել 7 բուժհաստատությունում: Դրանք համալրվել են րեսպիրատոր թերապիայի և ուլտրաձայնային համակարգերով, հիվանդի աշխորոշման մոնիտորներով, ինտենսիվ թերապիայի սեղանով և վերակենդանացման սարքավորումներով, պուլս-օքսիմետրով, տաքացնող ներքնակներով և ռադիանտ տաքացուցիչներով:

2010թ. իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն. դրամ: Ընթացքում է և շարունակական բնույթ է կրելու նաև մասնագիտական վերապատրաստումը Գյումրիի ծննդատան և Ավստրիական մանկական հիվանդանոցի, Մարտունու, Սևանի, Գորիսի, Կապանի և Բերդի ծննդատների բուժաշխատողների համար:

«Կյանքի հետ կապված խնդիրների լուծումը առաջնային է: Նորածնի գոյությունը կյանքի առաջին փուլում մեծապես կախված է բժիշկների աջակցությունից, ում մեծ պատասխանատվություն է բաժին ընկնում: Եվ որքան լավ լինեն այդ մասնագետներին տրված հնարավորությունները, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել մանկական մահացության դեմ նրանց մղած պայքարը: Այս սարքավորումներն ապահովելու են այդ հնարավորությունը»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---