ՀՀ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզպետարանում

ՀՀ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզպետարանում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընթացիկ տարվա ամփոփիչ աշխատանքներին ծանոթանալու նպատակով շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Արմավիրի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ ևս հիմնական հարցերը վերաբերում էին համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, մինչև տարեվերջ համայնքների 2011 թ. բյուջեների ընդունմանը, գյուղատնտեսական աշխատանքների ավարտին: Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերին` Արմեն Գևորգյանը հորդորեց քայլեր ձեռնարկել` հատկապես հողի հարկի մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Փոխվարչապետին զեկուցվեց մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատ նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Միայն խաղողի բերքն է գերազանցել անցած տարվա ցուցանիշը և մթերվել է անկորուստ` 1 կգ-ն միջինը 120 դրամով: Զեկուցվեց, որ գյուղացիական տնտեսություններին այս տարի վնասներ են պատճառել նաև կրծողները, և ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվում են դրանց դեմ պայքարի աշխատանքներ: Կարկտահարության հասցված վնասները մեղմելու նպատակով մարզի 13 համայնքում տեղադրվել է 32 հակակարկտային կայան, ընթացքի մեջ են ևս 40 կայանի տեղադրման աշխատանքները:

Ներկայացվեց նաև «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ դրենաժային ցանցի մաքրման աշխատանքներ են կատարվում 13 համայնքում, մարզի 24 համայնք ընդգրկված է երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրում, որոնց մի մասն արդեն կատարել է անհրաժեշտ համաֆինանսավորումը: Փոխվարչապետը կարևորեց նշված բոլոր համայնքների կողմից համաֆինանսվորման իրականացումը` նկատելով, որ ծրագիրը ներտնտեսային ցանցերի վերականգնման լավ հնարավորություն է:

Մարզի գյուղատնտեսության զարգացման համար փոխվարչապետը նշանակալի համարեց Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների վերականգնումը: Նա միաժամանակ հորդորեց մարզպետարանի աշխատակիցներին վերահսկողություն իրականացնել աշխատանքների որակի նկատմամբ:

Արմեն Գևորգյանն անդրադարձավ նաև մարզում սանիտարական վիճակին` տեղեկացնելով, որ հարցը մշտապես լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Քննարկվեցին նաև մարզի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---