Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայկական Բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԲԸՄ ազգանպաստ գործունեությանը Սփյուռքում և Հայրենիքում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ սերտ համագործակցությանը և քննարկվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը՝ Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց ՀԲԸՄ գործակցությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հետ:

Իր հերթին ՀԲԸՄ նախագահը ներկայացրեց Միության բազմաթիվ ծրագրերը, այդ թվում նաև Երևան քաղաքում ՀԲԸՄ կենտրոնի կառուցման ընթացքը` վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի գործունեության ընդլայնմանը: Պերճ Սեդրակյանը ընդգծեց, որ ՀԲԸՄ ներկայիս գործունեության մեջ հիմնականում ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդին, նրա հայրենասիրական ոգու կերտմանը, ազգային ինքնության ամրապնդմանը, որով հայ համայնքներում իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահին մաղթեց արդյունավետ գործունեություն հանուն Հայաստանի և Արցախի բարգավաճման, Սփյուռքի հայ համայնքների ազգային կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրրության և նվիրական իղձերի իրականացման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---