Հայաստանի ոստիկանությունն արգելել է վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Հայաստանի Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները դիմում-բողոք են հղել երկրի իշխանություններին` հանդես գալով երկրում ներկայության ժամկետի կրճատման և մաքսազերծման բարձր գների դեմ:

Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» հասարակական կազմակերպությունը, փետրվարի 8-ին վարորդներն ի նշան բողոքի պատրաստվում էին ավտոմեքենաների երթ կազմակերպել Գյումրիից մինչև Բավրա:

Միևնույն ժամանակ Ոստիկանության Գյումրու քաղաքային և Շիրակի մարզային վարչությունները մոտ 250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրու կայարանամերձ հրապարակում, որտեղից Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները պլանավորել էին սկսել խաղաղ երթը դեպի Բավրա: «Գյումրու քաղաքային ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով զավթել են վրացական պետհամարանիշերով երեք ավտոմեքենա և վարորդների հետ դրանք տեղափոխել ՃՈ Գյումրու տուգանային հրապարակ: Այդ մեքենաներն օրենքով սահմանված կարգով կայանած են եղել հրապարակի հարավային մայթի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներն անընդունելի են համարում մշակված և ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով: Ինչպես նաև չափազանց բարձր են համարում այդ ավտոմեքենաների մաքսազերծման գները: Վարորդներն առաջարկում են փոփոխություններ կատարել օրինագծում, որի համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների համար գերադասելի է ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն ամսական 2000-ական դրամ վճարել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---