Հայաստանում մեկնարկել է պլաստիկ թափոնների վերամշակման ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և «Էկո-ինջինիրինգ» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանը հայտարարեցին Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման համատեղ ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ՄԱԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Համաձայն Ճապոնական «Շիմիցու» ընկերության 2006թ. ուսումնասիրության, Երևանում և մարզերում առկա կոշտ թափոնների հավաքման համակարգը չի ընդգրկում առանձնացված թափոնների հավաքում, տեսակավորում կամ մշակում: Կեղտաջրերը և աղտոտիչ նյութերն առանց մաքրման և վերամշակման համակարգերի միջով անցնելու ուղղակիորեն թափվում են գետերի մեջ: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի, պոլիէթիլեն տերեֆտալատից (ՊԵՏ) պատրաստված պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են մեր երկրում ջրի աղբյուրների հիմնական աղտոտիչները: Հայաստանում ՊԵՏ փաթեթավորման և պլաստիկ շշերի ծավալը արագ աճում է ջրի, ոչ ոգելից խմիչքների, կաթնամթերքների և այլ ապրանքների սպառման աճի հետ զուգահեռ: Ներկայումս Հայաստանում տարեկան կուտակվում է ավելի քան 5,000 տոննա ՊԵՏ թափոն:

Իր ելույթում տկն. Չիման նշեց, որ «թիրախային համայնքների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, այս գործընկերությունը կարևոր քայլ կհանդիսանա ընտրված վայրերում էկոլոգիապես բարենպաստ, կոշտ թափոնների կառավարման համակարգերի ստեղծմանը և կնպաստի պլաստիկ տարաների հավաքմանն ու վերամշակմանը` նվազացնելով շրջակա միջավայրի աղտոտումը»: Բացի նշված էկոլոգիական ազդեցությունից, ասաց տկն. Չիման, նախագիծը կօգնի նոր աշխատատեղերի ստեղծմանը տեղերում:

«Զարգացման մարտահրավերները բազմաոլորտային են և բարդ, հետևաբար դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է համագործակցություն և գործընկերություն: Համատեղ աշխատանքով մենք կարող փոփոխություններ իրականացնել», - ասաց Դաֆինա Գեռչևան ստորագրման արարողության ժամանակ:

Սկզբնական փուլում նախագիծն իրականացվելու է Երևանում, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերում` այն տարածքներում, որոնք գտնվում են ջրավազանների մոտակայքում և որտեղ գտնվում են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ: Ելնելով ծրագրի արդյունքներից և քաղված դասերից` այս նախագիծը կընդլայնվի և կընդգրկի Հայաստանի այլ տարածքներ: Ծրագրի ընդհանուր բուջեն կազմում է 540,000 ԱՄՆ դոլար: Գումարի 80 տոկոսը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ –ի կողմից և 20 տոկոսը` ՄԱԶԾ-ի կողմից: «Էկո-ինջինիրինգ» ընկերությունը կներդնի 1,5 միլիոն ԱՄՆ դոլար, այն պայմանով որ ՊԵՏ թափոնների հավաքումը կհասցվի տարեկան 3,000 տոննայի, ասվում է ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---