ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տոնել են ֆրանսերեն լեզվի օրը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տոնել են ֆրանսերեն լեզվի օրը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ ծրագրել է նշել ՄԱԿ- ի վեց պաշտոնական լեզուների օրերը: Առաջինը «ՄԱԿ-ում ֆրանսերենի օրն է», որը համընկնում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Կլոր սեղանը կազմակերպել են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) ու հայկական ՀԿ «Երիտասարդ թարգմանիչների միավորումը» , որին օժանդակել և մասնակցում էին նաև Հայաստանում ֆրանսիական դեսպանատունն ու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդատու և ֆրանկոֆոնիայի գծով պատասխանատու Քրիստիան Տեր-Ստեփանյանը մասնակցեցին քննարկմանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ասաց. « Շատ կարևոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, որը նրանց կօգնի բացել սահմանները և ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Կարծում եմ` խիստ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ազդում են մեր մտածելակերպի և գործողությունների վրա»:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար` Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող պրն. Կիյո Ակասական ասել է, որ պաշտոնական լեզու լինելուց բացի, ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի քարտուղարության երկու աշխատանքային լեզուներից մեկն է: Այն նաև խոսակցական լեզու է բոլոր մայրցամաքներում, որով էլ մեծ դեր է խաղում աշխարհում ՄԱԿ-ի գաղափարի տարածման գործընթացում:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային և մշակութային բազմազանությունը, ասվում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---