ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստակամ է զարգացնելու միջազգային համագործակցությունը թրաֆիկինգի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը, վարչության դատախազներ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում 2009 թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագրի շրջանակներում հայաստանյան կողմի հետ համագործակցության վերաբերյալ մի շարք աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով: Ինչպես նշեց Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալին, այդ հուշագիրը աննխադեպ է ԱՄԷ և այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի շարքում:

Մնացական Սարգսյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարում` նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2006թ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում` մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերը: Նշված հանցագործությունների կենտրոնացված քննության պրակտիկան վերականգնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ստեղծվել է թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին:

Մնացական Սարգսյանը նշեց նաև, որ թրաֆիկինգի դեմ պայքարում ՀՀ գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ նաև հատուկ վերահսկողության երկրների գոտուց:

ԱՄԷ պատվիրակության անդամները նշեցին ՀՀ իրավապահ մարմինների հետ անմիջական աշխատանքային հարաբերություններ կառուցելու կարևորությունը` պայմանավորված օպերատիվ և քննչական գործողություններ կատարելու, տեղեկատվության փոխանակման և այլ իրավական գործընթացների արդյունավետ ու արագ կազմակերպման անհրաժեշտությամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---