Արմեն Գևորգյանն այցելել է Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակ

Արմեն Գևորգյանն այցելել է Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հերթական մարզային այցով Շիրակում էր` իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, առկա խնդիրները քննարկելու նպատակով:

Մարզպետ Ա. Գիզիրյանի, քաղաքապետ Վ. Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետը Գյումրիում եղավ այն հաստատություններում, որոնք նախատեսվում է վերանորոգել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Ընդհանուր առմամբ քաղաքում այս ծրագրով կիրականացվեն մոտ 540 մլն դրամի աշխատանքներ. կվերանորոգվեն ուսումնական, առողջապահական հաստատություններ, փողոցներ, շենքերի տանիքներ:

Քաղաքի թիվ 3 արհեստագործական ուսումնարանում և թիվ 15 դպրոցում Ա. Գևորգյանին ներկայացվեցին շենքային պայմանները, իրականացվելիք աշխատանքների ծավալները: Տեղեկացվեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկայում: Պատասխանատուները հավաստիացրին, որ աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որպեսզի բոլոր նախագծերն ավարտին հասցվեն նախանշված ժամկետներում: Մարզպետին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի ընթացքը:

Փոխվարչապետը եղավ նաև Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակում, առողջապահության, քաղաքաշինության նախարարներ Հ. Քուշկյանի և Վ. Վարդանյանի, Գյումրու քաղաքապետի հետ ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են անցած տարի, և նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցված կենտրոնի շահագործումը նախատեսվում է 2012թ.տարեվերջին: Այն որակյալ բուժծառայություններ կմատուցի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բնակչությանը:

Գյումրիից Աշոցքի տարածաշրջան մեկնելիս Ա. Գևորգյանը կանգ առավ Մայիսյան համայնքում, ծանոթացավ մշակույթի տան, ամբուլատորիայի պայմաններին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով համայնքի մշակույթի տան վերանորոգման համար հատկացվել է 160 մլն դրամ: Առաջիկայում կսկսվեն շինաշխատանքները, և մինչև տարեվերջ համայնքն արդեն նոր մշակույթի տուն կունենա:

Փոքր Սարիարի գյուղապետարանում Աշոցքի տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը փոխվարչապետին ներկայացվեցին առկա խնդիրները: Մասնավորապես բարձրացվեց Փոքր Սարիար, Սալուտ, Բաշգյուղ, Կաքավասար, Սարապետ, Ձորաշեն համայնքները միմյանց և Գյումրիին կապող 22 կմ ճանապարհի վերանորոգման հարցը: Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհանձնարարվի մարզպետարանի մասնագետների հետ համատեղ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ գումարի նախահաշիվը: Հաշվի առնելով, որ համայնքները բարձրլեռնային գոտում են` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհանձնարարվի դիտարկել ՀԲ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում» դրանք ընդգրկելու հնարավորությունը:

Իսկ «Հայռուսգազարդ» ընկերությանը և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) կառաջարկվի ուսումնասիրել նշված գյուղերը գազիֆիկացնելու հարցը: Քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---