Հայաստանի կառավարությունում քննարկվել են կանանց դերի բարձրացմանն առնչվող հարցեր

Հայաստանի կառավարությունում քննարկվել են կանանց դերի բարձրացմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը կառավարության ղեկավարը շնորհավորել է խորհրդի կին անդամներին:

Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել «ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը և ՀՀ գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Զեկուցվել է, որ նախագծում ներառվել են ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ, որոնք վերհանում են կանանց դերին առնչվող հարցեր՝ հնարավորություն ընձեռելով ամրապնդելու կնոջ դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։

Նիստում քննարկվել է նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մեծացնել կանանց ներգրավվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև օրենսդիր մարմիններում: Վարչապետը հանձնարարել է հիշյալ օրենքի նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը:

Խոսելով գենդերային հավասարության մասին` Տիգրան Սարգսյանը կարևորել է կանանց դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում որպես քաղաքակիրթ հասարակության ձևավորման և առաջընթացի անհրաժեշտ նախապայման:

Մեկ այլ հարցով ներկայացվել են խորհրդի աշխատանքային խմբերի 2011թ. ծրագրերը: Խորհրդի սոցիալ-տնտեսական հարցերի և առողջապահության աշխատանքային խմբի նոր ղեկավար է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---