ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքն ամփոփում է գիտական արդյունքները

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքն ամփոփում է գիտական արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում Բնական գիտությունների բաժանմունքի 2010թ. գիտական գործունեության արդյունքները կամփոփի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը:

Բաժանմունքն իր կազմում ընդգրկում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնը, Բուսաբանության ինստիտուտը, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և այլ ինստիտուտներ։

Բաժանմունքում հաստատվել է 2011-2015թթ. հիմնարար, կարևորագույն և կիրառական հետազոտությունների ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են հետևյալ գիտական ուղղությունները` կենսաբանություն, էկոլոգիա և բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, բժշկագիտություն:

Բաժանմունքի գործունեությունում կարևոր տեղ են գրավել միջազգային գիտական կապերի ընդլայնման և ամրապնդման հարցերը:

Գիտնականներն ակտիվորեն մասնակցել են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխության կատարելու մասին» օրենքի նախագծի, «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման և օգտագործման 2010թ. ծրագրերի միջոցառումների կատարման ընթացքի» քննարկմանը:

Բաժանմունքի կազմակերպություններն ընդգրկված են տարբեր դրամաշնորհային ծրագրերում, որոնց աջակցում են ISTC-ն, IPP-ITSI-ն, DAAD-ը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը, Գիտության եվրոպական հիմնադրամը, CRDF-ը, NATO-ն, ANSEF-ը եւ այլ դոնոր կազմակերպություններ:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն ունի 855 աշխատակից, այդ թվում 4 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ, 75 գիտության դոկտոր և 258 գիտության թեկնածու:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---