Երևանում կպարգևատրվեն «Հայոց լեզվին առավել վնաս հասցրած գործիչները»

PanARMENIAN.Net - «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնել է «մրցանակ», որով` ըստ հանրության, առանձնացվելու են հանրությանն ու գալիք սերունդներին, հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները: Մրցանակը կապված է 2010-2011 թթ Հայաստանում ընդունված Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների հետ, որոնց հետեւանքով` ըստ բազում մասնագետների, վտանգված են հայոց լեզուն եւ հայալեզու կրթությունը: Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան - Դելյանովի անվան մրցանակ», որի հաղթողներին կընտրի հանրությունը: Նախաձեռնության հեղինակներից մեկը` Արմեն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ թեկնածուների ընտրությունը կատարվել է հանրության կողմից, և ընտրվել է, ընդհանուր թվով 30 թեկնածու: Այդ թեկնածուներից նախաձեռնող խումբը ընտրել է ամենաշատ ձայներ հավաքած ներկայացուցիչներին և դրել քվեարկության:

«Մտահղացումը դեռ անցած տարի կար և որոշեցինք մեր նախաձեռնող խմբի հետ մրցանակաբաշխությունн անել գարնանը, քանի որ այս օրերին լրանում է մեր նախաձեռնության 1 տարին: Քվեարկությունը սկսել է մայիսի 3-ին և կավարտվի մայիսի 10-ին: Մեդալները կլինեն իրական: Կլինի նաև սիմվոլիկ գումար`30 դրամի չափով:» ասել է Հովհաննիսյանը : «Մենք սրտանց կցանկանայինք, որ չլիներ այս մրցանակաբաշխությունը, բայց քանի որ հարցը հասել է սրան, մենք այն կազմակերպում ենք»: Նա նաև ավելացրեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է անցնելու մրցանակաբաշխությունը, բայց հավելեց, որ մեդալները անպայման կհասնեն տիրոջը:

Մրցանակն ունի երեք ՝ առաջին կարգի օտարալեզի, երկրորդ կարգի օտարալեզի, և երրորդ կարգի օտարալեզի աստիճան: Այն ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Դելյանովի պատկերներով: Ազգությամբ հայ Դելյանովի (Դիլաքյան) Ռուսաստանի կայսրության լուսավորության նախարար լինելու օրոք (1882-1897 թթ) փակվել են հայկական դպրոցները: Մեդալի երեսին տեղադրված են Աշոտյանի և Դելյանովի դիմապատկերները, ինչպես նաեւ քայքայում խորհրդանշող գանգի պատկերը: Մեդալի դիմերեսի ստորին մասում գրված է «Օտարալիզության մրցանակ»: Մեդալը պատրաստված է կավից և ներկված է համապատասխանաբար ոսկեգույն, արծաթագույն և բրոնզագույն:

Թեկնածուների թվում են այն 69 պատգամավորները, ովքեր 2010 դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել են Լեզվի և Հանրակրթության օրենքների փոփոխությունները, Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, «Դիլիջան միջազգաին դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամները, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---