Շուշիի ազատագրման 19-ամյակի առթիվ ԵՊՀ ուսանողները ծառատունկ են կազմակերպել «Եռաբլուր» պանթեոնում

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Երիտասարդ Համալսարանականների Միավորում (ԵՀՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ ծառատունկ: Ծառատունկին մասնակցում էին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության և Հայաստանի Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորման անդամներ: Ծառատունկը կազմակերպվել էր Շուշիի ազատագրման 19 ամյակի առթիվ:Երիտասարդները տնկեցին 200 սոճիներ և բարդիներ:

«Ծառատունկը կյանքի խորհրդանիշն է, այն բոլորին միասնական է դարձնում:Շատ ուրախ եմ,որ այսօրվա ծառատունկին մասնակցում են երիտասարդները:Հպարտանում եմ, որ մեր երկրում ապրում են այսպիսի հայրենանվեր երիտասարդներ»,- ասում է Եռաբլուր պանթեոնի արարողությունների պետ Ալբերտ Առաքելյանը:

Երիտասարդները ուրախ էին, այս ծառատունկով մասնակից դարձան և իրենց ներդրումը ունեցան հայրենիքի զարգացման գործում: «Առաջին անգամ եմ մասնակցում ծառատունկին: Շաբաթներ հետո կգամ ու կջրեմ տնկածս ծառը»,- ասել է ԵՀՄ-ի անդամ Նանե Մանասյանը:

«Կարևորում եմ երիտասարդության շրջանում նման ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները: Այս միջոցառումները կոչ են անում երիտասարդությանը համախմբվել ու իրենց փոքրիկ ներդրումն ունենալ մայր բնության պահպանման գործին»,- նշել է ԵՀՄ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---