Երևանում փորձում են հատուկ ծրագիր մշակել դպրոցականների առողջ սննդի համար

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 25-ին մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ ծրագիր Հայաստանում» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը։ Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ՌԴ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Վլադիմիր Չեռնիգովը:

Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին, նշել է որ Համաշխարհային բանկի «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Ծրագիրը, որը Հայաստանում իրականացվում է 2010 թվականի հոկտեմբերից, սկսվել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերից և նպատակ ունի ընդգրկել հանրապետության 1-4-րդ դասարանների շուրջ 50000 աշակերտների: «Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն կրթության առումով, այլ նաև երեխաների առողջության տեսակետից: Գյուղատնտեսության տեսակետից ծրագիրը խրախուսում է տեղական արտադրանքը և համայնքների ներգրավվածությունը ծրագրում»,-նշել է նախարարը, հավելելով, որ մինչև 2013-2014 թվականները պետք է մշակվի ազգային ծրագրի ռազմավարություն, որը կարող է ապահովել ցածր ծախսայնությամբ և մեծ արդյունավետությամբ առողջ սնունդ:

Խարհրդաժողովի նպատակն է մշակել Հայաստանում դպրոցական սնունդ ծրագրի ապագայի միասնական տեսլական և նախանշել գործողությունների հաջորդականություն մինչև համաձայնեցված ժամկետում կառավարությունը կստանձնի ծրագրի շարունակականության ապահովումը: Դպրոցական սնունդն արդյունավետ միջոց է խոցելի ընտանիքների բեռը թեթևացնելու և այդպիսի ընտանիքների երեխաների կյանքը բնականոն հունի մեջ դնելու ու կայունացնելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցին կրթական իր առաքելությանը զուգընթաց լուրջ դերակատարում ունենալ երեխաների ընդհանուր առողջության բարելավման և սնուցման գործընթացում, հատկապես այժմ, երբ սննդի գները շարունակաբար աճում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Ռուսաստանի սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի և Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի ներկայացուցիչները խորհրդաժողովում ներկայացրելու են իրենց երկրներում դպրոցական սննուդ ծրագրի իրականացման փորձը, որը հնարավորություն կտա տեղական փորձագետներին մշակելու Հայաստանի ազգային դպրոցական սնունդ ծրագրի ռազմավարությունը և իրականացման պլանը։

Խորհրդաժողովը ֆինանսավորել է Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը, իսկ տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված դպրոցական սնունդ ծրագիրը Հայաստանում իրականացվում է ռուսական նվիրատվության շնորհիվ։

5  25.05.11 - "Դպրոցական սնունդ ծրագիրը Հայաստանում" խորհրդաժողով
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---