Գարեգին Բ-ն և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին համատեղ եկեղեցաշինական ծրագրերի ընթացքը

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժողովի առիթով:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող համատեղ կրթադաստիարակչական, սոցիալական, եկեղեցաշինական տարբեր ծրագրերի ընթացքը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ նախագահին Միության անդամների կողմից Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մշտապես ցուցաբերվող աջակցության համար: Իր հերթին տիար Պերճ Սեդրակյանը մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու և ՀԲԸՄ շարունակական և արդյունաշատ գործակցությունը` վստահեցնելով, որ Միությունը պիտի շարունակի իր նպաստը բերել հայ եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը և ազգապահպան տարբեր ծրագրերին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցի մանրամասներին, ինչպես նաև թեմերի և Հարավային Ամերիկայի հայաշատ համայնքների կյանքը հուզող խնդիրներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Արգենտինա այցի շրջանակներում մասնակցել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը և հայրապետական պարգևների արժանացրել մասնաճյուղի մի քանի անդամների` համայնքային կյանքում իրենց գնահատարժան գործունեության համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---