Կառավարության շենքի մոտ ընթանում է բանակում սպանված զինվորների ծնողների բողոքի ակցիան

Կառավարության շենքի մոտ ընթանում է բանակում սպանված զինվորների ծնողների բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի է ունենում «Բանակն առանց սպանությունների» ՀԿ-ի բողոքի ակցիան, որին միացել են բանակում սպանված զինվորների ծնողները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, շուրջ հարյուր սևազգեստ և սև ժապավեններ կրող մարդիկ ձեռքերում պահել են «Հայրենիք, պաշտպանի քո պաշտպանին», «Վերջ դրեք մեր որդիների դեմ պատերազմին», «Չհայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ», «Բավական է լռել», «Բանակն առանց մարդասպանների» գրություններով ցուցապաստառները: Շուրջ տասնյակ մարդիկ նստած են գետնին պաստառներով, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են մահացել զինվորները: Ծնողները պահանջում են հանդիպում կազմակերպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ինչպես հայտարարել է լրագրողներին 2001-ին մահացած Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, «ծնողները չպետք է սարսափեն նրանից, որ իրենց երեխաներին բանակ են ուղարկում: Պաշտպանության նախարարը պնդում է, որ տիրապետում է բանակում տիրող իրավիճակին, սակայն դա այդպես չէ: Բանակում ծառայող մարդիկ գտնվում են հրամանատարական կազմի գերության մեջ»,- հավելել է նա: Մկրտչյանը հաղորդել է, որ նրա որդու սպանության գործով հետաքննությունը դադարեցվել է, թեև նա ունեցել է ապացույցներ և վկաներ, որոնք պատմում են, թե ինչպես է սպանվել նրա որդին: Նրա խոսքով, սպանության պատճառն այն է եղել, որ նրա որդին արձակուրդից վերադառնալուց հետո զորամասի հրամանատարին չի բերել 100 դոլար: «Բոլորը գիտեն, որ արձակուրդը փող արժի: Եվ եթե 2001-ին դա 100 դոլար էր, ապա հիմա` 200 դոլար»,- նշել է նա: Մեկ այլ ծնող պատմել է, որ իր որդու մարմինը բերել են առանց գլխի, իսկ իրենց ասել են, որ նա ինքնասպան է եղել:

Իր հերթին ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Բանակն առանց սպանությունների» ՀԿ-ի նախագահ Արփինե Գալֆայանը, նշել է, որ ժողովուրդն այլևս չի լռելու և չի հանդուրժելու նման վերաբերմունքը: Նրա խոսքով, դա արդեն բանակում զինվորի մահվան 20-րդ դեպքն է այս տարվա 8 ամիսների ընթացքում: Նա հաղորդել է, որ բողոքի նման ակցիաները կրելու են շարունակական բնույթ: «Ծնողների ջանքերը հաջողությամբ չեն պսակվի, եթե ժողովուրդը չկանգնի նրանց կողքին»,- ասել է նա:

Մահացած զինվորների ծնողները բաց նամակ են ուղղել Սեյրան Օհանյանին, որում, մասնավորապես, ասվում է. «Պարոն Սեյրան Օհանյան, խնդրում ենք Ձեզ պատասխանել, թե ՀՀ որ օրենքով է կարգավորվում ԼՂՀ-ում քաղաքացու զինվորական ծառայությունը»: Նամակի տակ ստորագրել են տասնյակ ծնողներ:

Պետք է նշել, որ այդ ակցիային Facebook սոցիալական ցանցում միացել է ավելի քան 800 մարդ:

4  01.09.11 - «Բանակն առանց մարդասպանների» խմբի բողոքի ցույցը Կառավարության շենքի առջև
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---