Սմբատ Մարգարյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր

Ապրիլի 1-8 տեղի ունեցած մարզական իրադարձությունների տեսություն

Ծանրամարտ. Ապրիլի 2-ին Մինսկում (Բելառուս) մեկնարկել է տղամարդկանց 89-րդ և կանանց 23-րդ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 5-ին ելույթ է ունեցել հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Նա սկսել է իր ելույթները Բ խմբում և երկամարտի արդյունքում բարձրացրել է 255 կգ` այդպիսով միանալով մեդալների համար պայքարին: Ա խմբում մասնակցում էին ավելի փորձառու ծանրորդներ, բայց “հրում” վարժությունում Մարգարյանն ուժեղ էր բոլորից և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտում հայ ծանրորդը երկրորդն էր և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Եվրոպայի չեմպիոն դարձավ 34-ամյա Վիտալի Դերբենևը (Բելառուս): 3-րդ տեղում է Թոմ Գոեգեբուերը (Բելգիա):

PanARMENIAN.Net -

Ռուսաստանը ներկայացնող Արսեն Թամրազյանը 238 կգ-ով զբաղեցրել է 9-րդ տեղը:

Ապրիլի 8-ին ելույթ ունեցան 77 քաշային կարգի ծանրորդները, Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: Նույն քաշային կարգում պետք է հանդես գար նաև Առաքել Միրզոյանը: Միրզոյանը PanARMENIAN.Net ին հաղորդել է, որ պատրաստվում է աշխարհի առաջնությանը: “Քանի որ ես փոխել եմ քաշային կարգս, նախապատրատվում եմ Անթալիայի աշխարհի առաջնությանը, ուստի գերադասեցի բաց թողնել Եվրոպայի առաջնությունը”,-ասել է նա: Հայաստանի հավաքականում տեղի են ունեցել նաև այլ փոփոխություններ: 85կգ ք/կ Էդգար Գևորգյանի փոխարեն հանդես կգա 77 կգ ք/կ Եվրոպայի փոխչեմպիոն Արա Խաչատրյանը:

ՀՀ հավաքականի կազմում ելույթ կունենան նաև Գևորգ Պողոսյանը 85 կգ ք/կ, Արթուր Բաբայանը 105կգ ք/կ և Ռուբեն Ալեքսանյանը +105կգ ք/կ: Կանանցից հանդես կգան Մելինե Դալուզյանը 69կգ ք/կ և Հռիփսիմե Խուրշուդյանը 75կգ ք/կ: Բռնցքամարտ. Ապրիլի 20-ից մինչ մայիսի 2-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն` Կորյուն Սողոմոնյան (48կգ ք/կ), Նարեկ Աբգարյան (51կգ ք/կ), Արթուր Քիրաջյանը (54կգ ք/կ), Կարեն Տոնականյանը (57կգ ք/կ), Հրայր Մաթևոսյանը (60կգ ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64կգ ք/կ): Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanATMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց այն մասին, որ բռնցքամարտիկները 2009թ. դեկտեմբերից պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Բացի ուսումնամարզական հավաքներից նրանք ելույթ են ունեցել միջազգային մրցաշարերում. "Հունվարին մենք մասնակցեցինք "Դոնեցկի Գավաթ" միջազգային առաջնությանը և 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ նվաճեցինք: Իսկ արդեն մարտին մասնակցեցինք Վիլնյուսում կայացած մրցաշարին, որտեղ նույնպես մի քանի մեդալ նվաճեցինք",- նշեց Ոսկանյանը: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է, և առաջին 4 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները իրավունք կստանան ելույթ ունենալու Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում:

Ապրիլի 6-ին ՀԱՕԿ-ի հովանու ներքո Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010թ. միջոցառումների օրացուցային պլանում: Մրցաշարին մասնակցում են 109 բռնցքամարտիկներ 9 երկրներից` Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Ղազախստան, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա: Ապրիլի 7-ին տեղի ունեցան ¼ եզրափակիչները: Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ դուրս եկան 8-ը` Կարեն Այլազյանը, Մանվել Սարգսյանը, Արա Պուլուզյանը, Անդրանիկ Հակոբյանը, Տիգրան Արմենակյանը, Ցոլակ Անանիկյանը, Բագրատ ու Հովհաննես Օհանյանները: Շախմատ. 5 հայ շախմատիստներ ապրիլի 4-14 մասնակցում էին Դուբայի միջազգային բաց առաջնությանը: 3-րդ տուրում 4 հայ գրոսմայստերներ հաղթեցին, միակ պարտությունը կրեց Գևորգ Հարությունյանը: Տիգրան Քոթանջյանը 3 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հրանտ Մելքումյանը նույնպես 3 միավորով 4-րդ տեղում է: Իսկ Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում` նախապատրատվելով սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Խանտի Մանսիյսկում կայանալիք օլիմպիադային: Հավաքին մասնակցում են Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Գ.Սարգսյանը ավելի ուշ կմիանա նրանց, քանի որ մասնակցում է Դուբայի մրցաշարին: Հայաստանի շախմատի հավաքականը հավաքները կավարտի ապրիլի վերջում: Ֆուտբոլ. Ապրիլի 2-3-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը: Կենտրոնական խաղում “Փյունիկն” իր դաշտում ընդունեց “Միկային”: Խաղն ավարտվեց “Փյունիկի” հաղթանակով` 4:2 հաշվով: Երկրորդ խաղում “Գանձասարը” Կապանում ընդունեց “Ուլիսին” և պարտվեց նրան 0:1 հաշվով: Միակ գոլը “Ուլիսի” կազմում խփեց Վալերի Ալեքսանյանը: “Բանանցը” 5:2 հաշվով հաղթեց “Իմպուլսին”, իսկ “Կիլիկիան” 3:1 հաշվով` “Շիրակին”: Իսկ ապրիլի 6-7-ին տեղի ունեցան Հայաստանի գավաթի ¼ եզրափակչի խաղերը: “Փյունիկը” հաղթեց “Իմպուլսին> և կիսաեզրափակչում հանդիպեց “Ուլիսին”: Երկրորդ զույգը կազմեցին “Բանանցն” ու “Միկան”, որոնք համապատասխանաբար հաղթեցին “Շիրակին “ ու “Կիլիկիային”: Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան ապրիլի 13-14 և 20-21-ին: Լող. Ապրիլի 21-23-ը Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցում կկայանա լողի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն 120 լողորդներ և լողորդուհիներ Հայաստանի զանազան մարզերից ու Երևանից: "Քանի որ առաջնությունը բաց է, տարբեր տարիքային խմբերի մարզիկներ են մասնակցելու: Մեդալներ կխաղարկվեն լողի բոլոր ոճերում",- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը: Առաջնության ավարտից հետո հայ լողորդները կպատրաստվեն միջազգային մրցաշարերին: Պատանի լողորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ չափահասների աշխարհի առաջնությունը կկայանա Դուբայում: "Մեր պատանի լողորդները կարող են մասնակցել նաև Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերին: Նրանք արդեն լրացրել են նորմերը, բայց առայժմ պարզ չէ, թե ով կներկայացնի Հայաստանն Օլիմպիական խաղերում",- նշեց Սաֆարյանը: Սեղանի թենիս. Ապրիլի 1-3-ին “Դինամո” մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի սեղանի թենիսի առաջնությունը մինի կադետների և կադետների շրջանում: Առաջնությանը մասնակցել են թենիսիստներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Ստեփանակերտից: Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Լևոն Գրրգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սեղանի թենիսը լավ ավանդույթներ ունի Հայաստանում և իրենք կնպաստեն այդ մարզաձևի զարգացմանը: Գրիգորյանը գտնում է, որ ֆեդերացիան ամեն ինչ պետք է անի Հայաստանում սեղանի թենիսի զանգվածային զարգացման ու հաջողության համար: Մրցաշարի հաղթողները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Ստրասբուրգում և Թուրքիայում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---