Հովհաննես Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականն ավարտել է իր ելույթները «Մեծ սաղավարտ» (Moscow Grand Slam) միջազգային մրցաշարում, որը տեղի է ունեցել Մոսկվայում մայիսի 30-31-ը: Հայ ձյուդոիստներից հաջող է հանդես եկել Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), որը, պարտության մատնելով Ռուսաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Լեպեկինին, Բելսլան Մուդրանովին, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովին, եզրափակիչում հաղթանակ է տարել ճապոնացի ձյուդոիստ Մասսակի Ֆուկուոկոյի նկատմամբ` նվաճելով ոսկե մեդալ:



Հայաստանի հավաքականից եւս մեկ մրցանակակիր է դարձել Արմեն Նազարյանը (66 կգ ք/կ): Պարտության մատնելով Չեխիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներին եւ պարտվելով իսպանացի Սուգոյի Ուրիարտեին` Նազարյանն արժանացել է 5-րդ տեղին:



Հայաստանի մնացած երեք ներկայացուցիչները, այդ թվում Արթուր Սրապյանը (60 կգ ք/կ), Համբարձում Տոնոյանը (66 կգ ք/կ) եւ իգական սեռի միակ ներկայացուցիչ Անուշ Հակոբյանն (52 կգ ք/կ) անհաջող են հանդես եկել եւ չեն կարողացել շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար:



Այսպիսով, Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում Դավթյանի ոսկե մեդալի շնորհիվ 8-րդ տեղն է զբաղեցրել: Առաջին տեղում 6 ոսկե եւ 2 արծաթե մեդալներով Ճապոնիայի հավաքականն է, երկրորդ տեղում է Կորեայի հավաքականը, երրորդ տեղում` Բելոռուսի հավաքականը, չորրորդ տեղում` Ռուսաստանի հավաքականը:



Հայաստանի հավաքականը, որը գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ մայիսի 28-ին ժամանել էր Մոսկվա, վերադառնալու է Երեւան հունիսի 6-ին, քանի որ մինչեւ ամսի 5-ը տեղում անցկացնելու է ուսումնամարզական հավաք:



«Մեծ սաղավարտ» մրցաշարը դիտարկվում է որպես Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համակարգ: Նոր համակարգով բացի Աշխարհի գավաթի փուլերից ընթանում են «Գրան-պրի», «Մեծ սաղավարտ» եւ «Մաստերս» մրցույթները: Իսկ Մոսկվայի մրցաշարը երկրորդ փուլն է: Նմանատիպ մրցույթներ տեղի են ունենալու նաեւ Ռիո-դե-Ժանեյրոյում եւ Տոկիոյում: Նոր համակարգով բացառվել է Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների միջոցով անմիջապես Օլիմպիադա դուրս գալը, ուստի ձյուդոիստները պետք է վարկանիշային միավորներ հավաքեն միջազգային մրցաշարերում: Օլիմպիական հաշվարկի մեջ կմտնեն միավորները, որոնք յուրաքանչյուր մարզիկ հավաքել է 2 տարվա ընթացքում. 2010-ի մայիսի 1-ից մինչեւ 2012-ի ապրիլի 30-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---