30 հունվարի 2010 - 17:50 AMT
PanARMENIAN.Net -
Հունվարի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացան Հայաստանի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչները:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում են 100 մարզիկներ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից:
Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, առաջնությունը լարված պայքարով է ընթանում եւ մրցաշարի ավարտից հետո հավաքականը կձեւավորվի: «Նախքան Եվրոպայի առաջնությունը մենք կմասնակցենք Բուլղարիայում, Չեխիայում ու Երեւանում կայանալիք 3 միջազգային մրցաշարարերի»,- ասաց Մեհրաբյանը:
Արդեն որոշվել են Հայաստանի առաջնության եզրափակիչ մենամարտերի զույգերը: Եզրափակիչները կկայանան հունվարի 31-ին` երեւանյան ժամանակով 15:00-ին:
Բռնցքամարտը սպորտի կոնտակտային տեսակ է, տեւում է 3-ից 12 ռաունդ: Հաղթանակը տրվում է, եթե մրցակիցն ընկած վիճակում է եւ չի կարողանում վեր կենալ տասը վայրկյանի ընթացքում (նոկաուտ) կամ եթե վնասվածք է ստացել, որը թույլ չի տալիս շարունակել մենամարտը (տեխնիկական նոկաուտ): Եթե ռաունդների սահմանված քանակից հետո մենամարտը դեռեւս չի դադարեցվել, ապա հաղթողը որոշվում է մրցավարների տված միավորներով:
Սիրողական բռնցքամարտում կա մրցակցի դեմքին ուղիղ հարվածներ հասցնելու համար տրվող միավորների հաշվման համակարգ: Օլիմպիական խաղերում եւ Համագործակցության խաղերում մենամարտը բաղկացած է 4 ռաունդներից` 2-ական րոպե տեւողությամբ, իսկ Սիրողական բռնցքամարտի ասոցացիայի կողմից անցկացվող մրցություններում` 3 ռաունդից` 2-ական րոպե տեւողությամբ: Ռաունդների միջեւ ընդմիջումը 1 րոպե է: