ՀՖՖ նախագահը հանդիպեց ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ

ՀՖՖ նախագահը հանդիպեց ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպում անցկացրեց Բարձրագույն եւ Առաջին խմբերը ներկայացնող ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՖՖ Գործկոմի անդամ Լեւոն Հասրաթյանը եւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը:



«Միկա» ակումբի մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը հանդիպման ժամանակ հանդես եկավ երկու առաջարկությամբ. առաջինը` առաջնության հանդիպումներն անցկացնել մեկ ընկերության կողմից արտադրված գնդակով, եւ երկրորդը` ոչ թե որակազրկել ֆուտբոլիստին վեց դեղին քարտ ստանալուց հետո, այլ թուլյատրել, որ մասնակցի հանդիպումներին` հետագայում զգուշացումներ ստանալու համար բոլոր տուգանքները թողնելով ուժի մեջ:



Մեկ ընկերության կողմից արտադրված գնդակով առաջնության հանդիպումները անցկացնելու առաջարկն ընդունվեց: Այդ հարցը կքննարկվի ՀՖՖ համապատասխան բաժնի կողմից, իսկ երկրորդը` մերժվեց:



«Շիրակ» ակումբի փոխնախագահ Անդրանիկ Ադամյանն առաջարկեց Գյումրու պատանեկան թիմերին տրամադրել Ախուրյանի մարզադաշտը, որպեսզի հնարավոր լինի կայուն վիճակում պահպանել Գյումրու «Քաղաքային» մարզադաշտի խոտածածքը:



Ռուբեն Հայրապետյանն ակումբների նախագահներին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել ակումբներում կարգապահության ամրապնդման վրա` հնարավորինս խուսափելով հատկապես մրցավարների հետ միջադեպերից, ինչպես նաեւ երկրպագուների հետ կանոնավորված աշխատանք տանել:



Այնուհետեւ ՀՖՖ նախագահը հանդիպեց տեսուչների եւ մրցավարների հետ, որոնք սպասարկելու են Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեսչական եւ մրցավարական գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---