Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 19-րդ չեմպիոն դարձավ

Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 19-րդ չեմպիոն դարձավ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության լարված, կոպիտ, իսկ երբեմն դաժան, բայց հետաքրքիր եզրափակիչ խաղում Եվրոպայի չեմպիոն իսպանացիները հաղթեցին հոլանդացիներին և ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձան:

Չնայած գոլային պահերի առատությանը, հանդիսատեսները հիմնական ժամանակում գոլերի ականատես չդարձան: Իսկ երկրորդ լրացուցիչ խաղակեսի ավարտին Անդրեաս Ինյեստան հարվածեց հաղթական գոլը և Իսպանիայի հավաքականին դարձրեց աշխարհի ութերորդ չեմպիոն երկիրը:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ընդգծել է, որ այդ հաղթանակի արժանիքն ամբողջապես իր սաներին է պատկանում: «Կարմիր ֆուրիայի» խնամակալը շնորհակալություն է հայտնել մրցակիցներին լավ խաղի համար և նշել, որ երկու թիմերն էլ առաջնության գլխավոր խաղի արժանի ֆուտբոլ ցույց տվեցին: «Մենք պարտավոր ենք տուրք մատուցել մեր հակառակորդներին, նրանք շատ բարդությունների առաջ կանգնեցրին մեզ: Եզրափակիչը կառուցված էր հարձակվողական հիմքի վրա, և երկու թիմերն էլ փորձում էին այնպես խաղալ, ինչպես նրանցից ակնկալում էին թե’ երկրպագուները, թե’ փորձագետները: Խաղը շատ դժվար էր, բայց իսպանացիները գերազանց էին գործում: Թիմը կարողացավ ոչ միայն գնդակ բաց չթողնել հոլանդացիների վտանգավոր հարձակումներից հետո, այլև վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, որոնք ի վերջո ավարտվեցին գոլով»,- Վիսենտե Դել Բոսկեի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավին նշել է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն է: «Շատ դժվար էր, բայց մենք մեզ լավագույնս դրսևորեցինք և կարողացանք ձեռք բերել այդ հիանալի հաղթանակը: Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս ու երկրպագուներին, որոնք մեզ հզոր աջակցություն ցուցաբերեցին: Երբեք չեմ մոռանա այս օրը»,- խոստովանել է Խավին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---