Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը ստացավ ՀԱՕԿ ոսկե շքանշան

Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը ստացավ ՀԱՕԿ ոսկե շքանշան

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը մարտի 2-ին ընդունել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին:

79-ամյա վետերանը 1994 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում և այս օրերին գտնվում է Երևանում:

Ողջունելով լեգենդար մարզիկին` նախարար Արթուր Պետրոսյանն ընդգծեց, որ ողջ հայ ազգը հպարտանում է անվանի մարզիկով և մշտապես հիշում է նրա օլիմպիական հաղթանակը: Իր հերթին Վլադիմիր Ենգիբարյանը նշեց, որ ուրախ է գտնվել հայրենիքում, հանդիպել մեր երկրի մարզական ղեկավարության հետ:

ՀՀ-ում ֆիզիակական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Վլադիմիր Ենգիբարյանը պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով:

Նախօրեին Վլադիմիր Ենգիբարյանը հանդիպել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և պարգևատրվել նաև ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգև ոսկե շքանշանով:

Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Վլադիմիր Ենգիբարյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել: Դա հեռավոր 1956 թվականին էր` Մելբուռնում: Կաշվե ձեռնոցի հայ վարպետն իր մարզական կենսագրության ընթացքում նաև Խորհրդային միության և Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---