Միխաիլ Մեյեր.

Հայաստանը խաղաքարտ էր դարձել բոլշեւիկների եւ անգլիացիների նավթային խաղում

PanARMENIAN.Net - Գրեթե մեկ դարի վաղեմության իրադարձությունները մինչ այժմ գրավում են պատմաբանների ուշադրությունը: Հնչում են 20-դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում, Խորհրդային Ռուսաստանում եւ Հայաստանում կատարվածի տարբեր վարկածներ: Շատ հնարավոր է, որ տարածաշրջանի քարտեզը կարող էր միանգամայն այլ լինել: PanARMENIAN.Net-ը մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով դիմել է հայտնի ռուսաստանցի թուրքաբան, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, ՄՊՀ պրոֆեսոր Միխաիլ Մեյերին:
Գոյություն ունեն 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանության բազում վարկածներ: Ո՞վ էր կանգնած երիտթուրքերի կառավարության մեջքին:
Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանման նախաձեռնողն եղել է կայզերական Գերմանիան: Դա արվել է Անտանտի ուշադրությունն Արեւմտյան ճակատից, որտեղ Գերմանիան պարտություն էր կրում, շեղելու համար: «1915 թվականին իրավիճակը Թուրքիայի արեւելյան վիլայեթների հայ բնակչության օգտին չէր: Մի կողմից` քրդերն ու չերքեսները, որոնք արտաքսում էին հայերին գյուղերից, մյուս կողմից` երիտթուրքերի կառավարության քաղաքականությունը, որը հորդորում էր այդ արտաքսումը եւ մեղադրում հայերին ռուսամետ կողմնորոշման համար: Այս ամենը պատճառ հանդիսացավ Արեւմտյան Հայաստանի բնակչության կեսի զանգվածային արտաքսման եւ ոչնչացման համար: Եթե երիտթուրքերը ցանկանային ընդհանրապես ոչնչացնել հայ ազգը, ապա նրանք ոչ մի հայ չէին թողնի Ստամբուլում, Իզմիրում եւ Արեւմտայն Անատոլիայի մյուս խոշոր քաղաքներում: Սակայն հայեր այնտեղ մնացին, ճիշտ է մտավորականությունից բացի, որն իրոք ոչնչացվեց:
Եթե դատենք ըստ արխիվային նյութերի, ապա ռուսամետության համար հայերին ուղղված մեղադրանքներն, մեղմ ասած, չափազանցված են: Հայ բնակչության հիմնական մասը բնակվում էր գյուղերում եւ բավականին օրինապաշտ էր: Հայկական ջոկատների մասնակցությունը Կովկասյան ճակատին ռուսական բանակի կազմում մեծ չի եղել` իմ հաշվարկներով հայերի թիվը կազմել է շուրջ 3 հազար հոգի: Համաձայնեք, որ սա այն թիվը չէ, որով կարելի է պատճառաբանել ռուսամետությունը:
Այնուամենայնիվ, 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն էին: 20 դարի սկզբին ուղղակի չկար «ցեղասպանություն» տերմինը, բայց որ դա ցեղասպանություն է եղել, ոչ մի կասկած չկա: Բանը թվերը չեն, այլ փաստն ինքնին: Եթե հիշաում եք, 1919 թվականին Սատմբուլում սկսվեց Անտանտի կողմից կազմակերպված երիտթուրքերի կառավարության դեմ դատավարությունը: Այնտեղ առաջին անգամ հնչեցին մի ողջ ազգ արտաքսելու եւ ոչնչացնելու վերաբերյալ մեղադրանքները: Սակայն պատժվեցին երկրորդական պաշտոնյաները, ուղղակի կատարողները:

Հնարավո՞ր է արդյոք ներկայումս գրել Առաջին աշխարհամարտի շրջանի օբյեկտիվ պատմությունը, հիմնվելով արխիվային փաստաթղթերի վրա:

Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թվականների օբյեկտիվ պատմությունը գրել հնարավոր է: Սակայն բանը սպանված եւ տեղահանված հայերի քանակը չէ, այլ այն, որ ոչնչացվեց Արեւմտյան Հայաստանի բնակչության գրեթե կեսը: Ոչնչացվեց ազգի գենոֆոնդը:

Թուրքիան պետք է վերանայի իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ: Այդ գործընթացի ձգձգումը բացասական հետեւանքներ կունենա երկրի համար: Թուրքիային վախեցնում են ոչ այնքան տարածքային նկրտումները Հայաստանի կողմից, որքան նյութական եւ բարոյական վնասի հատուցումը: Ոչ մի տնտեսություն չի դիմանա նման փոխհատուցման:

Պետք է նշեմ, որ Թուրքիայի ազատականացման գործընթացը Եվրամիության անդամակցության ճանապարհին այնքան էլ արագ չի ընթանում: Ես կարծում եմ, ոչ ԵՄ-ն այնուամենայնիվ որպես ԵՄ անդամակցության պայման կդնի Թուրքիայի առջեւ նաեջ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: ԵՄ ներկայացուցիչներին պետք է տանել Ցեղասպանության թանգարան, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչէ կատարվել իրականում 1915 թվականին:

Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական գերեզմանատան ոչնչացմանն արձագանքեց գրեթե ողջ համաշխարահային հանրությունը: Չգիտես ինչու Ռուսաստանը պատշաճ ձեւով իր վերաբերմունքը չհայտնեց, չնայած, որ մեր երկրները ռազմավարական դաշնակիցներ են:

Մշակույթի հուշարձանների ցանկացած ավերում վանդալիզմ է: Հին Ջուղայի հայկական գերեմանոցը համամարդկային ժառանգություն է եւ ադրբեջանական իշխանությունների գործողությունները չեն կարող արդարացվել: Պատմությունը չի կարելի արտագրել: Ես լավ չգիտեմ մանրամասները, սակայն համոզված եմ, որ կան պատմական վկայություններ, ձեռագրեր, որոնք հաստատում են այն փաստը, որ հայերը միշտ ապրել են Նախիջեւանում:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա այժմ ՌԴ նախագահի աշխատակազմը մտադիր է վերանայել իր կուրսը Հայաստանի հետ հարաբերություններում: Հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ, որպիսին Ռուսաստանի համար Հայաստանն է, պետք է ավելի սերտ լինեն:

Վերջին 10-15 տարիների ընթացքում գիտական եւ մշակութային կապերի բացակայությունը մեր երկրների միջեւ բացասաբար է անդրադարձել մեր հարաբերությունների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար շատ անշահավետ իրավիճակ ստեղծվեց` նա չունի մասնագետներ ԱՊՀ երկրների գծով: Այժմ իրավիճակը շտկվում է` մենք բացում ենք հայագիտության բաժանմունք, որը շատ է հարկավոր Ռուսաստանին, սակայն բավարար չէ հայոց լեզվի մասնագետների քանակը, առավել եւս գրաբարի:

Մոսկովյան պայմանագրի ստորագրումից անցել է 85 տարի: Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանից մնաց ընդամենը 29 հազար ք.կմ:

Մոսկովյան պայմանագրի սկզբնական պլանը Հայաստանի մասով շատ ավելի քիչ զիջումներ էր նախատեսում Թուրքիային: Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը առաջարկեց Հայաստանին թողնել Արեւմտայն Հայաստանի տարածքը` ներառյալ Մուշն ու Կարսը:
Սակայն գործին խանգարեց նավթի գործոնը: Բաքու-Աստրախան փոխադրումների ուղին պահպանելու համար բոլշեւիկները ամեն ինչի էին պատրաստ: Դաշինքը քեմալիստական Թուրքիայի հետ արեւմտամետ տրամադրված Հայաստանի դեմ շահավետ էր եւ բոլշեւիկներին, եւ թուրքերին, որոնք ահռելի քանակությամբ զենք ու ոսկի ստացան: Հայաստանը, ցավոք, խաղաքարտ դարձավ մեծ նավթային խաղում: Բոլշեւիկները առաջնորդվում էին հետեւյալ սկզբունքով. Բաքուն ստանալու համար կարելի է զոհաբերել ամեն ինչ:

Մոսկովյան պայմանագրի ստորագրման իսկական ամսաթիվը ոչ թե մարտի 16-ն է, այլ` 18-ը: Մարտի 18-ի երեկոյան կողմերը վերջնականապես ձեւակերպեցին պայմանագրի կետերը, որով Հայաստանից անջատվեց նրա մեծ մասը:
---