Ռոմուալդաս Ռաժուկս.

Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի աշխարհագրական առաջնայնությունն է

PanARMENIAN.Net - Մոտակա ապագայում կհաստատվի ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիրը (IPAP) Հայաստանի համար: Մասնակցությունն այս ծրագրին նախատեսում է եվրա-ատլանտյան անվտանգության ապահովում: Այն մասին, թե ինչպիսիք են Հարավային Կովկասի տարածաշրջանի ակնկալիքներն այդ ծրագրին մասնակցության առումով PanARMENIAN.Net-ին է պատմել Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի կապի սպա:
Որո՞նք են IPAP-ի ծրագրի հիմնական նպատակները

ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) նպատակն է սահմանել գործընկերության ծրագրի նոր ասպեկտների ուրվագծերը, որոնք բնորոշ են Դաշինքի ձեւափոխման ներկայիս փուլի եւ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների զարգացման համար: Մենք առաջարկում ենք IPAP-ի հեռանկարների նախանշում եւ ճշտում, որպես այս տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման եւ ամրացման գործիք: Եվս մեկ խնդիր է` ցույց տալ IPAP-ի իրագործման գործընթացի կապը այն ռազմավարության հետ, որը վարում են ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, եւ Եվրոպայի Խորհրդի սահմանած չափանիշների հետ, որոնց կատարումը ստանձնել են Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: IPAP ծրագիրը հաշվարկված է 10 տարվա համար: Ես պետք է ընդգծեմ, որ փոխվել են Եվրա-ատլանտյան անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, աճել է սպառնալիքը Եվրա-ատլանտյան տարածության ծայրամասերում: Եվ այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ն գտնում է, որ անհրաժեշտ է արդյունավետ համագորածկցություն տարածաշրջանում անվտանգության ոլորտում, ինչն, իր հերթին, անհնար է, եթե բացակայում է հիմնարար դոկտրինը եւ ժողովրդավարական հասարակության հիմնարար ինստիտուտները: Եվրա-ատլանտյան գործընկերությունը մեծ դերակատարություն ունի IPAP ծրագրի իրագործման մեջ: Գործընկերության քաղաքականության եւս մեկ նպատակն է քաղաքական երկխոսությունը եւ գործնական համագործակցությունը IPAP-ի իրագործման միջոցով: Տվյալ դեպքում բարեփոխումները նախատեսում են ժողովրդավարական արժեքների եւ բարեփոխումների զարգացման խթանում եւ հորդորում, ինչպես նաեւ պաշտպանության արդի համակարգի հիքի կառուցում: IPAP-ի կարեւոր մաս են կազմում մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, համատեղ գործունեությունը գործընկերների եւ դաշնակիցների միջեւ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության ընդլայնում:

Ինչպե՞ս կարելի է ուրվագծել ՆԱՏՕ-ի աշխարհագրական առաջնայնությունները:

2004 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի գագաթնաժողովում ընդունված աշխարհագրական առաջնայնություններն են առաջին հերթին Հարավային Կովկասի երկրները եւ ողջ Կովկասը: Ինչպես գիտեք, 2005 թվականի հուլիսին Հայաստանը ներկայացրեց համագործակցության ծրագիր IPAP շրջանակներում, դեկտեմբերին սկսվեցին IPAP-ի քննարկումները «26+1» ձեւաչափով:

IPAP-ի միջոցով մենք կանգնած ենք քաղաքական երկխոսության որակապես նոր աստիճանի շեմին, որը տանում է դեպի տեղական բարեփոխումներ, նպաստում է բարեփոխումների անցկացման գործընթացին: Այստեղ ընդգրկվում է նաեւ ուսուցումը համատեղ գործողությունների, նոր ուղղությունները պաշտպանական համակարգի բարեփոխման ոլորտում, պաշտպանության ինստիտուտների ստեղծումը, պայքարը ահաբեկչության դեմ: Ծրագրի համար պարտադիր են նաեւ դաշնակիցների եւ գործընկերների համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, մասնակցությունը գործողություններին, վարժանքներին եւ զորավարժություններին: IPAP-ն ուղղված է սահմանների անվտանգության ապահովմանը, նախատեսում է փոքր տրամաչափի զենքի եւ շարժական հակաօդային համակարգերի տարածում: Հարավային Կովկասի երկրների համար անհրաժեշտ է ինտեգրումը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ժողովրդավարական վերահսկողությունը պաշտպանական համակարգի հանդեպ, քաղաքացիական հասարակության մասնակցությունը պաշտպանական ոլորտի զարգացմանը եւ անվտանգության քաղաքականությանը, համապատասխանությունը միջազգային նորմերին ազգային անվտանգության ոլորտում, մասնավորապես, արդյունավետ եւ թափանցիկ ֆինանսավորումը, ծրագրումը, պաշտպանական միջոցների արդյունավետ բաշխումը եւ կառավարումը:

Ի՞նչ է ենթադրվում IPAP-ի անվտանգության առանցքային ասպեկտներ ասելով

Քաղաքականության եւ անվտանգության հարցեր, որ ներառում են եվրա-ատլանտյանն ինտեգրացիան, տարածաշրջանի երկների ինետգրումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, ազգային անվտանգության հայեցակարգի եւ ազգային պաշտպանության ռազմավարության ստեղծում, արտաքին քաղաքականության խնդիրների հստակեցում: Անհրաժեշտ է գործնական տարածաշրջանային համագործակցության զարգացում Հարավային Կովկասի գործընկերների եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ, Ռուսաստանի հետ հարաբաերությունների հարցում: Եվ ամենակարեւորը պայքարն է ահաբեկչության դեմ:

Կարեւոր է նաեւ պայքարը կոռուպցիայի եւ ստվերային տնեսության դեմ եւ ազգային օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային չափանիշներին, եվրոպական կոնվենցիաների վավերացումը ազգային փոքրամասնությունների եւ սոցիալական խարտիայի ոլորտում:

IPAP-ը քայլեր է նախատեսում նաեւ տնտեսական բարեփոխումների ոլորտում, ուր մտնում են հասարակական ծառայողների վճարման համարկարգը, հասարակական արտադրության կառավարումը, հակամենաշնորհային օրենսդրությունը եւ մրցակցային քաղաքականությունը:

IPAP-ի շրջանակներում գործունեության եւս մեկ ոլորտ է հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Մենք գտնում ենք, որ հակամարտությունների կարգավորման գործում հիմնական դերը պատկանում է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին: Այդ գործողությունները ներառում են ինքնավարությունների կարգավիճակի սահմանում, փախստականների վերադարձ, հակամարտության գոտիների վերականգնում, Վրաստանում միջազգային կազմակերպությունների լրացուցիչ գործողությունների ակտիվացում:

ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունն ուղղված է նոր տարածաշրջանների զարգացմանն ու պաշտպանությանը, ինչպես նաեւ անվտանգության եւ կայունության ռազմավարության նոր գերակայությունների սահմանմանը: Հարավային Կովկասը հայտարարվել է ՆԱՏՕ-ի աշխարհագրական գերակայություն, եւ գործընկերության նոր մեխանիզմներն, այդ թվում նաեւ IPAP-ը, լրացնում են արդեն առկա ծրագրերը եւ չափազանց կարեւոր են Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը IPAP-ին խոստումնալից քայլ է տարածաշրջանային եւ եվրա-ատլանտյան անվտանգության ապահովման համար:
---