Վլադիմիր Զախարով.

Այսօր շատ բարդ իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի առաջխաղացման հարցում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի ստորագրումը եւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործողությունների ծրագրի մեկնարկը աստիճանաբար բերում են տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմանը: Միջազգային հանրության հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամաբ գնալով աճում է, չնայած չկարգավորված խնդիրների առկայությանը: Թե ինչպիսին է երեւում տարածաշրջանի ապագան Մոսկվայից, PanARMENIAN.Net-ին ներկայացնում է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը:
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կողմից տարածաշրջանի նկատամամբ մեծ ուշադրություն է նկատվում: Դա միայն էներգակիրների՞ հարցն է:

Կովկասի տարածքը միշտ եղել եւ համեղ պատառ է մնում բազմաթիվ արեւմտաեվրոպական պետությունների համար, որոնք երբեք ընդհանուր սահմաններ այս տարածաշրջանի հետ չեն ունեցել: Բոլորին է հայտնի այն կարեւոր եւ նշանակալի աշխարհաքաղաքական դիրքը, որ զբաղեցնում է Կովկասը ոչ միայն շրջապատի պետությունների, այլ նաեւ այն տերությունների համար, որոնք ներկայումս իրենց են վերապահել դատավորի իրավունքը, բաժանելու եւ իշխելու իրավունքը, եւ հարկ չկա կրկնել այս հայտնի ճշմարտությունները: Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ Կովկասը գրավում է ԱՄՆ-ին միայն իր լայն էներգետիկ միջանցք լինելու հեռանկարով: Եթե մենք վերլուծենք ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվությունը, ապա կտեսնենք, որ այն համընկնում է ածխաջրածինների տեղափոխման գործող ճանապարհների երթուղիների հետ:

Ի պաշտպանություն այս տեսակետի, կարելի է բերել վերջին լուրերը Ադրբեջանից. դեկտեմբերի սկզբում, Բաքու ժամանելու նախօրեին, ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովին Ադրբեջանի իշխանությունները հասկացրել են, որ պատրաստ են Մոսկվայի հետ երկարաժամկետ հակամարտության: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է կառավարությանը հաշվարկել Ռուսաստանի տարածքով նավթի տրանզիտից հրաժարվելը` ի պատասխան «Գազպրոմից» գազի ներկրման գների աճին: Բաքվին հակավրացական դաշինքի մեջ ընդգրկելու փորձը կարելի է ձախողված համարել: Վերջերս աճել է Հարավային Կովկասի պետությունների աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական նշանակության դերը: Այդ ամենը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին, եւ այլ առաջատար արեւմտաեվրոպական պետություններին, ամենատարբեր հնարավորություններն է տալիս իրենց շահերը իրագործելու համար ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական, եւ հատկապես ռազմական ոլորտներում: Միաժամանակ ակնհայտ է բազմակողմ մրցակցությունը, երբեմն նույնիսկ պայքարը` ինչպես Հարավային Կովկասին սահմանակից պետությունների` Թուրքիայի, Իրանի միջեւ, այնպես էլ այս տարածաշրջանի սահամններից շատ հեռու գտնվող պետությունների միջեւ:

Վերջերս նկատվում է տարածաշրջանի երկրների ձգտումը դեպի Եվրոպա եւ ՆԱՏՕ: Չի՞ նշանակում արդյոք դա Հարավային Կովկասից Ռուսաստանին վերջնականորեն դուրս մղելու ձգտումը:

Վերջին տարիներին մոդայիկ է դարձել Հարավային Կովկասի պետությունների` Միավորված Եվրոպա մուտքի մասին հայտարարելը: Ամեն դեպքում, պարոն Սահակաշվիլին այդ մասին ասում է ամեն ուր, որտեղ հնարավոր է: Փառք Աստծո, որ Հայաստանում ամեն ինչ հասկանում են, չնայած շատերը, այդ թվում եւ ընդդիմիությունը, թաքցնում են այն, որ Հայաստանի մուտքը Եվրոպա, ոչ թե մոտ, այլ չափազանց հեռավոր հեռանկար է հայ ժողովրդի համար` հաշվի առնելով նրա չափազանց մեծ զգայնությունը իր ազգային-մշակութային նույնականության նկատմամբ:

Դեպի ՆԱՏՕ Հարավային Կովկասի պետությունների առաջ մղման հետ կապված իրադրությունը այժմ շատ սուր է կանգնած: Կովկասում հավաքական անվտանգության խնդրի ստեղծման հարցում կան ինչպես հնարվորություններ, այնպես էլ խոչընդոտներ: Առաջին հերթին, միջէթնիկական հակամարտությունները: Այստեղ ակտիվ խաղացողների թվին են պատկանում ոչ միայն երեք հարավկովկասյան հանրապետությունները: Հարավային Կովկասի անվտանգության խնդիրը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի, Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների համաձայնությունների հարց է: Եթե Վաշինգթոնը եւ Մոսկվան կարողանային առաջարկել մի մեխանիզմ, որն իր մեջ ներառեր միջէթնիկական հակամարտությունների վերացման հնարավորություն, ապա մենք կարող էինք հուսալ Հարավային Կովկասի հավաքական անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծել: Սակայն ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի կողմից իրական եւ կառուցողական առաջարկությունն եր չկան:

Որոշ ռուս վերլուծաբաններ պնդում են, որ ԱՊՀ ողջ տարածքում Հայաստանն ու Ադրբեջանը ամենից շատ են հեռու գտնվում ՆԱՏՕ-ից, մի պարզ պատճառով. Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը: Իսկ, ինչպես մենք գիտենք, ՆԱՏՕ-ում խիստ օրենք գոյություն ունի, որ «ոչ մի երկիր չի կարող դառնալ Դաշինքի անդամ, մինչեւ նա մինչեւ վերջ չի կարգավորել տարածքային խնդիրները իր հարեւանների հետ»: Սակայն դրանք նաիվ պատկերացումներ են. Ադրբեջանը վաղուց ի վեր համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ամերիկցաի զինվորականները լրիվ վերականգնել են Ադրբեջանի ռազմական օդանավակայանները եւ տեղական բնակիչներից ոչ ոք չի կարող դրանց մոտենալ: Իսկ վերջին ամիսների տեղեկությունները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները ակտիվ, չնայած փակ բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի հետ:

Ըստ Ձեզ, ինչպե՞ս են դասավորվում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները:

ՀՀ կառավարության մի շարք բարձրաստիճան անդամների հայտարարություններից դատելով, Հայաստանը ՆԱՏՕ-ից չի վախենում: Այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, խոչընդոտ չի հանդիսանում: ՀԱՊԿ կանոնադրությունը չի սահմանափակում այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Բացի այդ, մի շարք հարցերում ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն ընդհանուր խնդիրներ ունեն, այս երկու կառույցների, ինչպես նաեւ դրանց կազմում ընդգրկված առանձին պետությունների համագործակցությունը, լրացնում են միմյանց, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հավելյալ երաշխիքներ է տալիս: Դեռ 2005 թվականի դեկտեմբներին Հայաստանը Դաշինքի հետ ստորագրել է Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Գործերի տրամաբանությունից դատելով, համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ Ռուսաստանի հետ երկկողմանի ռազմական համագործակցությունը ամբողջությամբ չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը 21-րդ դարի մարտահրավերների ֆոնի վրա, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը ԱԳԳԾ շրջանակներում կլրացնի բացը: Հայաստանի մասնակցությունը ԱԳԳԾ-ին ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհրդատվությունն է ենթադրում` տարածաշրջանային անվտանգության, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական ուսմունքի ստեղծման հարցերի շուրջ: Բացի այդ, ենթադրվում է պաշտպանական եւ բյուջետային ծրագրավորման գործընթացի կատարելագործում, ՆԱՏՕ-ի ուժերի հետ համագործակցության ապահովում, ռազմական կրթության բնագավառի կատարելագործում եւ այլ: Այդպիսով, Հայաստանը ծրագրում է ՆԱՏՕ-ից զուտ խորհրդատվական բնույթի օգնություն ստանալ:

Ի՞նչ մակարդակի վրա են գտնվում է ներկա դրությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները:

Ռուսաստանը չունեցավ մշակված ռազմավարություն Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ: Կարելի է նույնիսկ ասել, որ Ռուսաստանն ինչ-որ անհասկանալի, սպասողական դիրքորոշում է գրավել: Հստակ պատկերացումների բացակայությունը հարցում, «թե ինչ է Ռուսաստանին հետաքրքրում է Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում», հանգեցնում է սխալ, իսկ երբեմն թյուր որոշումների: Ես ցանկանում եմ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը միայն մեկ քաղաքական դաշնակից ունի` Հայաստանը, սակայն, կարծում եմ շատ կարճ ժամանակով: Դա մի կողմից ուրախալի է, իսկ մյուս կողմից` տխուր, քանի որ վերջին տասնամյակի ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը եւ տնտեսական կապերը ուղղված էին ոչ թե Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացմանը, այլ երբեմն արտաքին քաղաքականության գերատեսչության այնպիսի քայլերի, որոնք վնասում էին այդ հարաբերություններին: Ռուսական կառավարության չմտածված գործողությունները ստիպել են Հայաստանի ժողովրդին եւ իշխանական կառույցներին շրջվել այլ միջազգային քաղաքական խաղացողների կողմը:

Ինչպիսի՞ն է այսօր իրադրությունը տարածաշրջանում ռուսական տեսանկյունից:

Ստեղծված ստատուս կվոն աշխարհաքաղաքական տեսակետից հետեւյալ տեսքն ունի` վերջնականապես արեւմտամետ Վրաստանը, Արեւելքի միջեւ (Ռուսաստան եւ Իրան) տատանվող Ադրբեջանը եւ ռուսամետ, սակայն շահագրգռվածությամբ Արեւմուտքի հետ «սիրախաղ» անող Հայաստանը: «Մայրցամաքային Վրաստանի (առանց Աբխազիայի եւ Օսեթիայի) կողմնորոշումը գործնականում անփոփոխ կմնա մոտակա տասնամյակներին: Ադրբեջանն առաջ կընթանա արեւմտյան ուղիով կախված իր «արեւմտյան դարպասների»` Վրաստանի հաջողություններից «եվրաինտեգրման» եւ եվրադաշնային հաջողություններից: Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը կարելի է ձգել ըստ ժամանակի` կախված վրացական արեւմտամետ ժողովրդավարության հաջողություններից կամ ձախողումից: Նշանակալի ձեւով կարող է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն ուղղել ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կամ էլ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Արեւմուտքի միջեւ համագործակցության բարելավումը` իրանական միջուակային խնդրի հնարավոր կարգավորման լույսի ներքո: Երեւանը սերտորեն կապված է ՀԱՊԿ-ի հետ, Հայաստանում ռուսական ընկերությունների կողմից շատ բաներ են ձեռք բերվում, սակայն պետք է խոստովանել, որ ռուս գործարարները ոչ մի հետքրքրություն եւ գաղափար էլ չունեն` ինչ է կատարվում այդ երկրում: Գոյություն ունի ոչ թե տնտեսական համագործակցություն, այլ տնտեսական անտարբերություն: Մինչդեռ Հայաստանը դանդաղ, սակայն հստակ շրջվում է դեպի Արեւմուտքի կողմը: Այս կապակցությամբ միայն մեկ դեղորայք գոյություն ունի: Ռուաստանը պետք է շատ արագ կարգավորի այս իրավիճակը: Հասարակական կարծիքի հարցումներից դատելով, վերջին տարիներին Հայաստանում կրճատվել է «ամեն ռուսականի» կողմնակցիների բանակը: Եւ որքան էլ դառը չէ խոստոնվանել, դրանում առաջին հերթին մեղավոր է Ռուսաստանը:

Հայաստանում գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք նայում են ՆԱՏՕ-ին, ոչ միայն օգնություն ակնկալելով, այլեւ ցանկանալով դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ: Սակայն այդ դեպքում այսպիսի օրինական հարց է ծագում, իսկ ի՞նչ անել Թուրքիայի հետ: Չլինի՞ մոռացվել են 1915 թվականի ողբերգական իրադարձությունները: Չէ որ, եթե Թուրքիան դաշնակից է, ապա կարող է այնպես ստացվել, որ ոչ միայն շփվեն նրա հետ որպես դաշինքի անդամ, այլեւ օգտագործեն թուրքական բանակը սեփական տարածքում: Չէ որ ամեն բան կարող է լինել...Նույնիսկ եթե ենթադրենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սկզբից չի շտապի Վրաստանին ու Ադրբեջանին իր կազմում ընդգրկելու հարցում, ապա, էապես կաճի Թուրքիայի դերը, որպես Հարավային Կովկասի երկրների կուրատորի նոր զինվորական ռազմավարական գաղափարի տարածման գործընթացում: Այն կյանքի կկոչվի տարբեր միջոցներով, որոնցից մեկը Ադրբեջան- Վրաստան -Թուրքիա (Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղի եւ գազատարի, եւ նախատեսվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու երթուղին) ռազմական դաշինքի ստեղծումն է: Այս բոլոր խոշոր նախագծերը շրջանցում են Հայաստանը, որի բուն գաղափարն է հատուկ ծրագրված Ռուսաստանի տրանսպորտահաղորդակցային շրջանցումը: Հավանաբար սարերի ետեւում չէ Թուրքիա-Վրաստն-Ադրբեջան նոր ռազմական դաշինքի ստեղծումը: Հայաստանը երես առ երես է մնում այս անհավասար դիմակայության մեջ: Այս կապակցությամբ, նշանակալիորեն աճում է Ռուսաստանի դերը` որպես Հայաստանի գլխավոր ռազմավարական եւ ռազմական դաշնակցի:
---