Խաչիկ Տեր-Ղուկասյան.

Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ է Թուրքիայի հասարակական կարծիքն ու ադրբեջանական գործոնը

PanARMENIAN.Net - Իրավիճակը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում շատ արագ է փոփոխվում, եւ գործընթացները, որոնք անհնարին էին թվում երեկ, այսօր իրական են դառնում: Բնականաբար, այն ամենն ինչ կատարվում է աշխարհում` լինի դա Հարավային Ամերիկայում թե տարածաշրջանում, ուղղակի կան անուղղակի կերպով անդրադառնում է Հայաստանի վրա: PanARMENIAN.Net-ի համար ստեղծված իրողություններն է մեկնաբանում Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում արդեն կայացվել է նաեւ Հարավային Ամերիկայի խորհրդարանների MERCOSUR-ի խորհրդարանի կողմից: Ինչպե՞ս եք գնահատում հարավամերիկյան խորհրդարանականների այդ քայլը:

Ինչպես գիտեք, նոյեմբերի 19-ին Մոնտեվիդեոյում` MERCOSUR-ի խորհրդարանի ընդլայնված նիստում Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի ներկայացուցիչները ձայների մեծամասնությամբ հավանություն տվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշմանը, որ կոչ է անում դեռեւս Հայոց ցեղասպանությունը չճանաչած եւ չդատապարտած կառավարություններին նմանատիպ որոշում կայացնել: MERCOSUR-ի խորհրդարանի այդ որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ այդ հանցագործության համար Օսմանյան կայսրության պատասխանատվության մասին վկայում է, որ հայկական գործոնը Հարավային Ամերիկայում քաղաքականապես նշանակալի է դառնում: Ես պետք է նշեմ, որ որոշման նախաձեռնողը Ուրուգվայն էր, որն առաջին երկիրն էր աշխարհում, որ 1965 թվականին ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Այս Հայտարարությունը ստորագրել են 4 երկրների` Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Պարագվայի խորհրդարանները: Շուտով, հավանաբար, Վենեսուելան, որի օրենսդիր ժողովը եւս հանդես է եկել Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման որոշմամբ, նույնպես MERCOSUR-ի մաս է կազմում որպես լիիրավ անդամ: Նշենք, որ ընթացիկ տարում Չիլիի Ծերակույտը եւս Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ հայտարարություն է ընդունել, եւ Չիլին MERCOSUR-ի հաջորդ գրեթե «բնական» թեկնածուն է: Պարագվայն ընդհանրապես եզակի դեպք է, քանի որ այնտեղ չկա հայկական համայնք: Սակայն, այնուամենայնիվ, այդ երկրի ներկայացուցիչները միաձայն քվեարկել են այդ որոշման օգտին: Այդ առումով MERCOSUR-ի խորհրդարանի բանաձեւը Հայաստանի միջազգային հարաբերութիյունների համար ռազմավարական նշանակություն կարող է ունենալ: Ցավոք, Հարավային Ամերիկան միայն այժմ է ուշադրության արժանանում Հայաստանի իշխանությունների կողմից, եւ ես չափազանց ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Բրազիլիայի դեսպանատուն բացելու մասին:

Կարելի է ասել, որ MERCOSUR-ի խորհրդարանը չգնաց ԱՄՆ Կոնգրեսի ճանապարհով, որը փաստորեն, սառեցրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւը

Անշուշտ, պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ում չափազանց անկայուն է ներքաղաքական վիճակը, կապված նախընտրական տարվա հետ, ինչը հավանաբար իր անդրադարձն ունեցավ 106 բանաձեւի նմանօրինակ ճակատագրի վրա: Սակայն, իրողությունն այն է, որ թիվ 106 բանաձեւի մասին կոնգրեսականների մոտ գերիշխող համոզումն այն է որ Ցեղասպանության փաստը պատմական իրողություն է, սակայն միջինարեւելյան ներկա պայթունավտանգ կացության մեջ ավելի լավ է այն չդնել օրակարգի: Այս առումով, թիվ 106 բանաձեւի այս ամբողջ քննարկումը եւս պետք է դիտել որպես Կոնգրեսի իրական ճանաչում եւ ըստ այդմ նախաձեռնել ռազմավարական ծրագրեր: Ընդունելով 106-րդ բանաձեւը` ԱՄՆ-ն կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը` հենց դրա վրա է հարկավոր սեւեռել ուշադրությունը:

ԱՄՆ-ի համար բարդ իրավիճակ է առաջացել նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում: Հարցը Քրդստանը չէ, հարցը Իրաքում իրապես ընթացող երկրի բաժանուման գործընթացն է: Հետեւաբար, մեծապես սխալվում են նրանք, ովքեր 106-րդ բանաձեւը կապում են քրդական խնդրի հետ: Թուրքիան, միեւնույն է, ռազմական գործողություններ կսկսեր քրդերի դեմ: Անշուշտ, հարց է կհասնի նա արդյոք հաջողության թե ոչ, այնուամենայնիվ թրքական զինվորական միջամտության գործոնը չի կարող չանդրադառնալ շիաների եւ սունիների միջեւ հակամարտության վրա: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի համար կարեւորը ոչ թե պաղեստինա-իսրայելյան հակամարտությունն է, այլ առճակատումը Իրանի հետ, կոնկրետ` Իրանի միջուկային ծրագիրը եւ տարածաշրջանային հզոր ուժ դառնալու իր լուրջ պոտենցիալը:

Վերջերս Բաքվում գնալով առավել հաճախակի են հնչում Ղարաբաղի համար պատերազմը վերսկսելու կոչերը: Ի՞նչ եք կարծում, ինչով է դա պայմանավորված:

Ադրբեջանի կամ ցանկացած այլ երկրի նման հայտարարություններն առաջին հերթին, բնակչության վրա ազդելու ներքին լծակներ են: Սակայն մյուս կողմից, 1 մլրդ դոլար բյուջե ունենալով Իլհամ Ալիեւը կարող է նման հայտարարություններ անել, եւ պետք է լրջորեն վերաբերվել այդ հայտարարություններին: Ադրբեջանը չափազանց շատ զենք ունի, ընդ որում նորագույն: Ադրբեջանում առավել ուժեղ է պարտվածի սինդրոմը: Այդ իմաստով, պատերազմի կոչերը կարող են նպատակ ունենալ ազգի համախմբումը, որ ինքնին կարեւոր ազդակ է պատերազմի համար:

Ինչպիսի՞ն է հայ-թուրքական հարաբերությունների ապագան:

Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ է Թուրքիայի հասարակական կարծիքը գումարած դրան ադրբեջանական գործոնը: Իսկ Ցեղասպանության ճանաչումը կարող է ընդհանրապես կասկածի տակ դնել ցանկացած թուրքական կառավարության լեգիտիմությունը: Այնպես որ, սահմանի բացումը զուտ քաղաքական հարց է: Հայաստանը շատ փոքր է Թուրքիայում սպառման շուկա գտնելու համար, այն դեպքում, երբ թուրքական ապրանքները կարող են տառացիորեն սպանել Հայաստանի տնտեսությունը: Սակայն կա նաեւ Եվրամիությունը, որը բաց սահմանները համարում է պայմաններից մեկը: Ես կցանկանայի նշել, որ Թուրքիայում ԵՄ-ն այժմ գերադասում է Արդարության եւ զարգացման կուսակցությանը, ոչ թե քեմալիստներին, այսինքն նախընտրում է «չափավոր իսլամը»: Սակայն, ով էլ կառավարի Թուրքիայում, հայ-թուրքական սահմանը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից:
---