Միխաիլ Ալեքսանդրով.

Բաքու-Ջեյհան նավթամուղը կարեւոր զսպող հանգամանք է Բաքվի համար Ղարաբաղում պատերազմ հրահրելու հարցում

PanARMENIAN.Net - Կովկասում պատերազմի հոտ է գալիս. Վրաստանի նախագահը հերթական անգամ սպառնում է մեկընդմիշտ վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի կազմ, Իլհամ Ալիեւն ընտրություններից առաջ նույնպես չի հոգնում զենք ճոճելուց, ցանկանալով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը Բաքվի իրավասության դաշտ: Իրավիճակը տարածաշրջանում բավականին բարդ է եւ անկանխատեսելի: Հարավային Կովկասի երկրներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետն է PanARMENIAN.Net-ին ներկայացրել ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը:
Հնարավո՞ր է ռազմական գործողությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է: Ճիշտ է, չեմ կարծում, թե դա լայնամասշտաբ գործողություն կլինի: Ադրբեջանը կփորձի լոկալ գործողություններ ձեռնարկել, որոնք հարկավոր են նախագահ Ի.Ալիեւին նախընտրական արշավի համար: Իրական ռազմական գործողությունների դեպքում Բաքուն հաղթանակի չի հասնի եւ ստիպված է լինելու նահանջել: Ալիեւը ցանկանում է ցույց տալ, որ ինքը մտահոգ է եւ ինչ-որ բան ձեռնարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հակառակ դեպքում նրան կմեղադրեն, որ նա հանձնեց Ղարաբաղը:

Սակայն, ես կարծում եմ, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունն իր լուծումը չի ստանա: Հայաստանի իշխանությունները հակամարտության հարցում սկզբունքային զիջումներ չեն անի: Ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար ժամանակ այս վիճակում կմնա: Աշխարհում այժմ գլոբալ գործընթացներ են ընթանում, որի պատճառը տնտեսական ճգնաժամն է, եւ որը կհանգեցնի ԱՄՆ-ի հնարավոր հեռացմանը Իրաքից եւ ՆԱՏՕ-ի փլուզմանը: Բոլոր այդ փոփոխությունները կփոխեն նաեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը:

Ըստ ամենայնի, Իլհամ Ալիեւը «չափազանց նյարդայնացած էր» Սերժ Սարգսյանի հաղթանակով 2008թ. փետրվարին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում: Ալիեւին ակնհայտորեն որոշակի ավանսներ էին արվել Արեւմուտքից, որ եթե ընտրություններում հաղթի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա ղարաբաղյան խնդիրը կլուծվի Ադրբեջանի օգտին: Սակայն, ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ եւ դա շատ կավ է: Պետք է ընդգծել, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը կարեւոր զսպիչ հանգամանք է, որը կստիպի Բաքվին մի քանի անգամ մտածել, հետո նոր պատերազմ սկսել: Ենթադրենք, Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին: Հայկական կողմը լիակատար իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակներից ելնելով հարվածներ հասցնել կոմունիկացիաներին եւ Արեւմուտքում դա հիանալի հասկանում են:

Ադրբեջանը վերջերս հաճախ է խոսում բանակցությունների ձեւաչափը փոխելու մասին: Կանդրադառնա արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ փոխարինումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Ձեւաչափի փոփոխությունը ոչինչ չի տա եւ այդ գաղափարը նոր չէ: Բոլոր այդ «նորույթները» բխում են Վրաստանից, իսկ Ադրբեջանն ուղղակի նմանակում է վրացական իշխանությունների գործողությունները: Ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը, բացառությամբ պաշտոնական Բաքվի, չի ցանկանում, որ ձեւաչափը փոխվի: ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն իսկ ձեւավորված ձեւաչափ է: Ասենք, մեկ այլ խումբ լինի կամ հարցը տեղափոխվի այլ ատյան` դրանից ոչինչ չի փոխվի:

Կովկասում մեծ պատերազմի հոտ է գալիս: Ի՞նչ եք կարծում, Վրաստանի նախագահը կգնա հարձակման Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ

Եթե Ռուսաստանը չմիջամտի, Վրաստանը կարող է սկսել եւ նույնիսկ հաղթել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ պատերազմում: Պետք է Սահակաշվիլուն ստիպել պատերազմ չսկսել, քանի որ եթե նա 100 տոկոսով վստահ լինի, որ Ռուսաստանը չի միջամտի Կովկասյան պատերազմին, ապա անպայման կմարտնչի: Նա կարող է հույսը դնել միայն ՎՈՒԱՄ-ի կամ Արեւմուտքի վրա: Սակայն ՎՈՒԱՄ-ն ի սկզբանե արհեստական կազմակերպություն էր, ուղղված Ռուսաստանի դեմ: Կազմակերպությանը անդամակցող պետություններին ամենաքիչն է հետաքրքրում հակամարտությունների կարագավորումը: Այժմյան Վրաստանին կարելի է համեմատել 1939թ. Գերմանիայի հետ: Այն ժամանակ էլ չէին հավատում, որ Հիտլերը կհարձակվի Խորհրդային Միության վրա, սակայն դա պատահեց եւ թե ինչով վերջացավ բոլորը լավ գիտեն: Փաստորեն Հարավային Օսիայում արդեն իսկ դիվերսիոն-ահաբեկչական պատերազմ է գնում ռուս խաղաղապահների դեմ եւ թե ինչի դա կվերածվի դեռեւս պարզ չէ: Եթե Վրաստանն այնուամենայնիվ անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա տարածաշրաջնում աշխարհաքաղաքական տարանջատում տեղի կունենա: Կմասնատվի բուն Վրաստանը եւ դա կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Որքան հայտնի է, Աբխազիան եւ Հարավայի Օսիան մտադիր չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ Մ.Սահակաշվիլին չի պատրաստվում նրանց համաձայնությունը ստանալ:

Ինչպիսի՞ն եք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան

Նույնիսկ եթե Արեւմուտքի ճնշման տակ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, միեւնույն է վիճահարույց հարցերը չեն անհետանա: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի կողմից տարածքային պահանջների հարցը դեռեւս երկար կլինեն հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը:

Կփոխվի՞ ԱՄՆ-ի քաղաքականությունը նոր նախագահի օրոք

Այժմ ԱՄՆ-ն շատ է կախված Իսրայելից եւ հենց նա է դրդում Ամերիկային հարձակվել Իրանի վրա: Հրեական լոբբին շատ հզոր է եւ այն ավելի մտահոգ է Իսրայելի անվտանգությամբ, քան ԱՄՆ-ի շահերով: Սակայն Վաշինգտոնում կա նաեւ այլ տեսակետ` հրաժարվել ռազմական հարվածից Իրանի միջուկային օբյեկտներին: Դեռ հայտնի չէ, թե ինչով կարող է ավարտվել ցամաքային պատերազմը: ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ դրան, միջազգային հանրությունը եւս չի լռի, ինչպես դա եղավ Իրաքի դեպքում`` նավթը չափազանց արագ է թանկանում: Ճիշտ է, Ջ.Բուշը կարող է հեռանալուց առաջ «շրխկացնել դուռը», սակայն ոչ մի լավ բան դրանից չի ստացվի:

Իսկ ի՞նչ կասեք Իրանի հարեւանների` Հայաստանի եւ Ռուսաստանի մասին: Ո՞մ կողմը կբռնեն նրանք իրադարձություների բացասական զարգացման դեպքում:

Ռուսաստանը միշտ սատարել եւ սատարում է Իրանին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարծում եմ, որ այդ երկու երկրները շատ ընդհանուր բան ունեն, կառուցողական համագործակցություն է ձեւավորվել: Ավելին, եթե իրագործվի Իրանի հետ սահմանակից Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարան կառուցելու գաղափարը, ապա Հայաստանին դա շահավետ կլինի տնտեսական առումով: Իրանը շատ նավթ ունի, սակայն նավթավերամշակող գործարանների պակաս է զգում:

Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջերս Բաքու կատարած այցը

Առաջինը, դա այց էր ոչ միայն Բաքու, այլ շրջայց էր նավթ եւ գազ արդյունահանող երկրներ: Բաքվում, մասնավորապես, քննարկվեց հարցերի լայն շրջանակ փակ դռների ետեւում: Իսկ նախագահներ Մեդվեդեւի եւ Ալիեւի ստորագրած հռչակագիրը զուտ արարողակարգային միջոցառում էր: Ես արդեն ասել եմ եւ կրկնում եմ, որ Ադրբեջանը կարող է լինել ՌԴ ռազմավարական դաշնակիցը, սակայն Հայաստանի հետ ՌԴ-ն ռազմաքաղաքական դաշինք է կնքել:
---