Քաան Սոյակ.

Բաքուն երբեք Ղարաբաղի դեմ պատերազմ չի սկսի, իսկ եթե դա տեղի էլ ունենա, Թուրքիան օբյեկտիվ դիրքորոշում կորդեգրի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի առաջին այցը Երեւան տարածաշրջանում որոշակի սենսացիա դարձավ: «Պինգ-պոնգի դիվանագիտությունը» կիրառող երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումը կարող է զգալի տեղաշարժերի բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, եւ, հետեւաբար, ողջ տարածաշրջանում: Իրադրության հնարավոր զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին ներկայացրեց Թուրք-հայկական գործարարների խորհրդի (TABC) համանախագահ Քաան Սոյակը:
Ինչպե՞ս եք Դուք գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան շատ կարեւոր եւ վճռական քայլ է: Ոչ պակաս կարեւոր քայլ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Ոչ ոք դեպքերի նման շրջադարձ չէր ենթադրում: Մենք չէինք կարծում, որ նախագահ Սարգսյանը կհրավիրի իր թուրք գործընկերոջը, եւ Աբդուլլա Գյուլը կընդունի հրավերը: Բայց դա տեղի ունեցավ: Ես պետք է ընդգծեմ, որ ներքաղաքական իրադրությունը բոլորովին չի ազդել նախագահի որոշման վրա. դա պետության ղեկավարի եւ Թուրքիայի կառավարության որոշումն էր: Դատելով հայկական եւ թուրքական մամուլի հրապարակումներից` երկու երկրների ժողովուրդը հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման կողմնակից է:

Ես Աբդուլլա Գյուլի այցը գնահատում եմ որպես դրական քայլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ հուսով եմ, որ, մինչ 2009թ. Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ստամբուլ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դեռ մի շարք քայլեր կձեռնարկվեն: Մենք հարեւաններ ենք, եւ դրանից չենք կարող խուսափել: Տարածաշրջանը պետք է խաղաղ եւ կայուն լինի, եւ Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների է ձգտում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Դա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի երկրներին, այլեւ Մեծ Մերձավոր Արեւելքին, որն ընդգրկում է Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբանանը:

Ի՞նչն է Թուրքիայի համար ավելի կարեւոր. 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման Հայաստանի պահա՞նջը, թե՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

Թուրքիայի համար 1915թ. իրադարձությունների հարցն ավելի առաջնային է, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Մենք համոզված ենք, որ իրական պատմական իրադարձությունների պարզաբանման համար պետք է ստեղծել պատմաբանների կոմիտե, որն էլ կպատասխանի բոլոր հարցերին: Միայն դրանից հետո կարելի է խոսել երկու երկրների միջեւ սահմանի բացման մասին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, ապա Թուրքիան կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտությունը երկու երկրներին է վերաբերում, բայց այն նաեւ տարածաշրջանային է: Իսկ մեր երկրի համար կարեւոր են բարիդրացիական հարաբերությունները բոլորի հետ: Եթե խոսում ենք տվյալ հարցում Թուրքիայի ակտիվ օգնության մասին, ապա այն կարող է ցուցաբերվել միայն հակամարտող կողմերի միջեւ հարաբերությունների հաստատումից հետո: Տարածաշրջանի բոլոր երկրներն էլ խդիրներ ունեն, բայց պատերազմը դրանց լուծման լավագույն տարբերակը չէ: Միշտ էլ կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հանգիստ խոսել: Դրա հետ մեկտեղ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ: Դա պարզապես չի կատարվի: Բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, Թուրքիան տվյալ հարցում օբյեկտիվ դիրքորոշում կբռնի:

Ինչ եք կարծում, ինչպե՞ս կարտացոլվի հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը Թուրքիայի` ԵՄ մտնելու վրա

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը կարելի է գնահատել որպես ԵՄ անդամակցությանն ուղղված քայլ: Հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունները Եվրամիության պայմաններից մեկն է: Անկարայի համար ԵՄ անդամակցությունը շատ կարեւոր է: Թերեւս մենք կարծում ենք, որ Եվրոպան էլ իր հերթին պատրաստ չէ իր շարքերում ընդգրկել 70 միլիոնանոց մուսուլմանական բնակչությամբ մի երկիր. դրա համար ժամանակ է պետք: Բայց եւ այնպես, մենք շարունակում ենք բարեփոխումները եւ շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կարգավորումը անհրաժեշտ է նաեւ Հայաստանին, որն իրագործում է հարեւանության Եվրոպական քաղաքականությունը:

Մամուլում հայտնվել են հումանիտար բեռների մատակարարման համար սահմանի հնարավոր բացման մասին հաղորդումներ...

Վրացա-օսական հակամարտության հենց սկզբից Հայաստանի եւ Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ հումանիտար օգնություն մատակարարելու համար սահմանը բացելու խնդրանքով դիմեցին Անկարային: Բայց այդ մասին ոչ մի խոսակցություն դեռ չի գնում: Հիմա սահմանի բացման մասին խոսելը վաղ է, բայց ես հավատում եմ, որ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան մենք կարծում ենք:
---