Մասիս Մայիլյան.

Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է իրենց դերերի եւ լիազորությունների հստակ բաժանում կատարեն Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հետարքրքության հերթական ալիք է նկատվում, հատկապես այն երկրներում, որոնք հավակնում են ուժեղացել իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին, որը Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո սկսել է ավելի վստահ զգալ իրեն: Այս ուղղությամբ ակտիվանում են նաեւ Թուրքիան եւ Իրանը: Ստեղծված իրադրությունը PanARMENIAN.Net-ին մեկանաբանում է անկախ փորձագետ, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը:
Հայ հասարակության մեջ գնալով ավելի հաճախ են հնչում Ղարաբաղի հանձնման մասին խոսակցությունները: Որքանո՞վ է Հայաստանը իրավասու տվյալ հարցում:

Որպեսզի հայ հասարակության մեջ ասեկոսեներ չլինեն, Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է իրենց դերերի եւ լիազորությունների հստակ բաժանում կատարեն Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում: Ազատագրված տարածքների հարցը եւ մի շարք այլ խնդիրներ պետք է ԼՂՀ իշխանությունների իրավասության ոլորտում գտնվեն: Բացի այդ ամենից, տվյալ մոտեցումը կնպաստի ԼՂՀ սուբյեկտության ամրապնդմանը, առավել եւս, որ իրավական տեսակետից Ղարաբաղի բոլոր տարածքները, այդ թվում` ազատագրված, համաձայն Սահմանադրության` մեր հիմնական օրենքի, գտնվում են ԼՂՀ իրավասության ներքո: Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից այդ տարածքների հսկման փաստն արձանագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 1993թ. ընդունված հայտնի բանաձեւերում: Ինչ վերաբերում է Հայաստանի դերին, ապա այդ փաստաթղթերում պարունակվում է միայն Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչը` «շարունակել տարածել իր ազդեցությունը ղարաբաղյան տարածաշրջանի հայերի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձեւերի դրույթների պահպանման ապահովման նպատակով եւ Մինսկի խմբի առաջարկներն այդ կողմից ընդունելու համար»: Ի շարունակություն իրավական թեմայի պետք է ասեմ, որ տվյալ փուլում նպատակահարմար կլիներ երկու հայկական պետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմական համագործակցության տակ պայմանագրա-իրավական հիմք դնել: Դա կվերացնի շատ հարցերի կարիքը, այդ թվում` կապված Հայաստանի կամավորների` ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու հետ: Ակնհայտ է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պաշտպանում է ոչ միայն ԼՂՀ սահմանները, այլեւ Հայաստանի հանրապետության արեւելյան սահմանները` Մռավյան լեռնաշղթայից հյուսիսում մինչեւ հայ-իրանական սահմանը հարավում: Համապատասխան ՀՀ-ԼՂՀ միջպետական համաձայնագրերում անհրաժեշտ է իրավաբանորեն ձեւակերպել Հայաստանի Հանրապետության կարգավիճակը` որպես Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավոր:

Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական ժամանակային հնարավորությունը:

Նախքան մերձմոսկովյան Մայնդորֆի հանդիպումը գոյություն ունեին ենթադրություններ մոտալուտ եւ, հնարավոր է, մեր շահերին ոչ այնքան արձագանքող կարգավորման վերաբերյալ: Բայց դեկտեմբերի 2-ին ստորագրված Հռչակագիրը, իմ տեսակետից, մեզ որոշակի թայմ-աուտ տրամադրեց, որն անհրաժեշտ է արդյունավետ կերպով օգտագործել մեր պոտենցիալի մոբիլիզացման համար` հակամարտության մեզ համար վտանգավոր լուծումների արագացված ընդունումը եւ իրականացումը կանխելու նպատակով: Հենց այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսին է տարածքների պաշտպանությունն ու ազգային նույնության պահպանումը, պահանջվում է ազգության միասնությունը, ընդ որում նրա յուրաքանչյուր բաղկացուցիչը պետք է խաղա իր դերը:

Որքանո՞վ են իրական միջազգային ուժերը Արցախում

Համաձայն 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումներին, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության օժանդակման նպատակով միջազգային ուժերի ներմուծումը պայմանավորված է հակամարտության կողմերի միջեւ քաղաքական համաձայնագրի ստորագրմամբ: Քանի որ հայտնի չէ, թե երբ կստորագրվի հաշտության պայմանագիրը, ապա մեզ մոտ խաղաղապահների մոտալուտ հայտնվելու մասին խոսակցությունները նույնպես բավական վաղաժամ են: Անգամ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը կարող են սեփական իրավասությունների սահմանափակման սպառնալիքի պատճառով հրաժարվել երրորդ ուժերի ծառայություններից: Դա չի կարելի բացառել, որովհետեւ վերջին 14 տարիների ընթացքում հակամարտության կողմերը սովորել են առանց արտաքին միջամտության օժանդակել կրակի դադարեցման օրակարգը:

Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ քայլեր կարող են հաջորդել Մայնդորֆյան հռչակագրին:

Հետագա քայլերը նշված հենց իր` Հռչակագրի մեջ: Դա նախագահների միջեւ հաղորդակցության շարունակումն է, արտգործնախարարների մակարդակով կարգավորման սկզբունքների համաձայնեցման եւ վստահության միջոցառումների իրականացման համար պայմանների ստեղծման աշխատանքների ակտիվացումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների հետ համագործակցության պայմաններում:
---