Իվլիան Խայնդրավա.

2008-ի օգոստոսը հաստատեց. Հարավային Կովկասի անվտանգությունը վերացական հասկացություն չէ ԵՄ-ի համար

PanARMENIAN.Net - Ներկայումս նկատվում է Եվրամիության ակտիվացում Հարավային Կովկասում: Պատճառների թվում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաեւ «հնգօրյա պատերազմը» Վրաստանում, առավել եւս, որ նախագահ Սահակաշվիլին խոստովանեց, որ առաջինն է սկսել պատերազմը, որն այնքան թանկ նստեց Վրաստանի վրա. ՆԱՏՕ-ն վերջնականապես որոշեց դեռեւս անդամակցություն չտալ Վրաստանին ու Ուկրաինային, ԱՄՆ-ն փոխում է արտաքին քաղաքականության ուղղվածությունը, որտեղ Թբիլիսին արդեն առաջնային տեղ չի զբաղեցնի: Երկրի այժմյան իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Թբիլիսիի Զարգացման եւ համագործակցության կենտրոնի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Իվլիան Խայնդրավան:
Կա՞ տարբերություն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ Վրաստանի հանդեպ մոտեցումներում:

Կա եւ բավականին էական տարբերություն: Եթե ԱՄՆ-ում ողջունեցին վարդերի հեղափոխությունը, եթե նախագահ Բուշը դեռեւս 2005թ. մայիսին շտապեց Վրաստանն անվանել «ժողովրդավարության փարոս», եւ մինչ իր նախագահական ժամկետի ավարտը ԱՄՆ-ի քաղաքականությունը դարձրեց այդ հապճեպ արված հաճոյախոսության յուրօրինակ պատանդը, ապա Եվրոպայի վերաբերմունքը Վրաստանի հանդեպ այդքան հիացական չէր եւ, համապատասխանաբար, առավել համարժեք էր: Սակայն, բանը նրանում է, որ դեռահասի քաղաքական տարիքում գտնվող Սահակաշվիլին իր թիմի հետ հակվեց դեպի Վաշինգտոն, որտեղ նրան ծափահարում էին, այլ ոչ թե այնտեղ, ուր նրա որոշ բարեփոխական քայլերի գովասանքի հետ մեկտեղ լսվում էր նաեւ քննադատություն մի շարք հակաժողովրդավարական կամ բացահայտ ավտորիտար նկրտումների հասցեին: Ես ի նկատի ունեմ Բրյուսելը: Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատավորվեց զգալի դիսբալանս ձգողականության երկու կենտրոնների միջեւ` պատրանք ստեղծվեց, թե ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը ցանկացած դեպքում կօգնի, առաջ կտանի, դուրս կքաշի, «կպաշտպանի» ամեն, նույնիսկ աղաղակող դեպքում, այն դեպքում երբ եվրոպացիները, առավելապես «հին Եվրոպայի» երկրները տրամաբանելու են արժեքների, խնդիրների, ռիսկերի մասին եւ փորձում են պայմաններ դնել:

Ի՞նչ պայմաններ էին դրանք:

2007թ. նոյեմբերի 29-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որտեղ նոյեմբերի 7-ի իրադարձությունների կապակցությամբ կոչ արեց Վրաստանի իշխանություններին մանրակրկիտ, անաչառ եւ անկախ հետաքննություն սկսել մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խախտման վերաբերյալ: Նաեւ կոչ էր արվում ազնիվ եւ ազատ ընտրություններ անցկացնել միջազգային չափանիշներին համաձայն, ապահովել բոլոր ԶԼՄ-ների անաչառ աշխատանքն ու անհապաղ վերակագնել «Իմեդի» հեռուստաալիքի աշխատանքը:

Կատարվեցին ԵՄ-ի պահանջներն ու խորհուրդները:

Ոչ մի բան չարվեց: Ոչ ոք նույնիսկ չմտածեց 2007թ. նոյեմբերի 7-ի իրադարձությունների հետաքննություն անցկացնել` չէ որ Սահակաշվիլին ինքն իրեն չէր պատժելու: «Իմեդի» հեռուստաալիքը բացվեց ընադմենը երկու շաբաթով եւ կրկին փակվեց: Այսինքն, կոպիտ ասած, Վրաստանի նախագահը ստում էր ԵՄ-ի ներկայացուցիչներին ու դիտորդներին: Չեմ կարող չհիշատակել նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակված Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը «Վրաստան` նահա՞նջ դեպի ավտորիտարիզմ» վերնագրով, որտեղ հարցական նշանը ավելի շուտ ոչ թե կետադրական նշան է, այլ եվրոպական քաղաքական կոռեկտության դրսեւորում:

Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության շանսերը:

Եվրոպացիներն երբեմն ասում են ոչ այն, ինչ մտածում են, եւ ինչ հարկավոր էր ասել իրականում: Չեմ քննարկի այն հարցը, թե արժե Վրաստանին MAP տրամադրել թե ոչ: Սակայն եթե որոշվեց չտրամադրել, ուրեմն հարկ է ասել, թե ինչու: Օրինակ, այն պատճառով, որ Վրաստանում ժողովրդավարության ներկա վիճակում ամոթ կլինի նրան ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել: Այն պատճառով, որ Վրաստանում որոշումների կայացման կարգի արմատավորման պայմաններում, վտանգավոր է նման երկիր ունենալ ՆԱՏՕ-ում, քանի որ, հայտնի չէ, թե երբ եւ ինչ կփչի նրանց խելքներին, ով որոշում է կայացնում: Այդ պատճառաբանումների ցուցակը կարելի է շարունակել...

Ինչպիսի՞ն է օգոստոսյան իրադարձությունների Ձեր գնահատականը:

Այդ իրադարձությունների վերաբերյալ ընդհանուր առմամբ համարժեք կարծիք է ձեւավորվել. Վրաստանի անպատասխանատու գործողությունները հանգեցրեցին Ռուսաստանի ոչ համարժեք պատասխանի: Կոնկրետ մարդկանց մեկնաբանություններում, ի դեպ, «անպատասխանատվությունը» Վրաստանի դեպքում կարող է փոխարինվել առավել թունդ արտահայտություններով, ինչպես նաեւ «անհամաչափությունը» Ռուսաստանի դեպքում շատ ավելի կտրուկ գնահատականներով: Կատարվածի էությունը դրանից չի փոխվում` երկու ավտորիտար ռեժիմներ ի վերջո պատերազմ սարքեցին, որին ձգտում էին եւ նախապատրաստվում էին տարիներով: Ինչ վերաբերում է Մոսկվայի եւ Թբիլիսիի ռեժիմների ոչ ժողովրդավարական լինելուն, ապա հղում կանեմ աշխարհում ժողովրդավարության ինդեքսին, ըստ The Economist ամսագրի` Վրաստանն ու Ռուսաստանը ընդգրկվել են այսպես կոչված «հիբրիդային ռեժիմների» թվում եւ զբաղեցրել են համապատասխանաբար 104 եւ 107-րդ տեղերը Կենիայի, Էֆիոպիայի, Բուրունդիի ու Պակիստանի շարքում:

Արդեն «հնգօրյա պատերազմից» հետո հայտնի դարձավ, որ բոլոր նրանք, ով կարող էր կանխել այն, գիտեին, որ պատերազմ է սկսվելու, սակայն ոչինչ չարվեց...

Այո, լայնածավալ մարտական գործողությունների հասունացման բոլոր նշաններն ակնհայտ էին` ԵԱՀԿ դիտորդները Հարավային Օսեթիայում ատյաններին հաղորդել էին իրավիճակի վտանգավոր զարգացման մասին, սակայն, հավանաբար, այդ տվյալներն ավելի վերեւ չէին փոխանցվում: Հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների երեք ամիս շարունակվող լռության մասին պատմությունը հիշեցնում է այն, թե ինչպես են նրանք արձագանքում Հարավային Կովկասի ընտրություններին` սկզբում ինչ-որ մեկը հայտարարում է, որ անցած ընտրությունները համապատասխանել են ինչ-որ չափանիշների, իսկ 2-3 ամիս անց զեկույց է հրապարակվում, որից հայտնի է դառնում, որ ոչ մի չափանիշների այդ ընտրությունները չեն համապատասխանել:

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել օգոստոսյան իրադարձություններից:

Եվրոպական ուժի «մեղմ» դիվանագիտական լեզուն ճգնաժամ է ապրում: Ինչպե՞ս կիրառել այն նրանց հետ, ով ասում է, թե ահաբեկիչներին «նույնիսկ զուգարանում է պետք սպանել», «պետք չէ արյունոտ փսլինքները սրբել», եւ երբ գլխավոր դիվանագետը ստիպված է խոսել բրիտանացի իր պաշտոնակցի հետ այնպես, ինչպես խոսում է իր պետը: Կամ ինչո՞ւ այդ լեզվով խոսել Սահակաշվիլիի հետ, որը լկտիություն ունեցավ ամեն ինչում Եվրոպային մեղադրելու, ասելով, թե ոչ թե նրանք, այլ ես էի զգուշացնում Եվրոպային:

Օգոստոսյան իրադարձությունների արդյունքում Վրաստանը «ժողովրդավարության փարոսից», որն միայն նախագահ Բուշի փողոց էր լուսավորում Թբիլիսիում, անմիջապես վերածվեց անկայունության հզոր օջախի, ինչը պայմանավորված է ինչպես վրացական իշխանությունների անհավասարակշռությամբ եւ անկանխատեսելիությամբ, այնպես էլ Ռուսաստանի լուրջ ռազմական ներկայությամբ:

2008թ. օգոստոսը հաստատեց` Հարավային Կովկասի անվտանգությունը վերացական հասկացություն չէ ԵՄ-ի համար: Կոնյուկտուրային գործարքները չեն կարող փոխարինել կայուն որոշումները, քանի որ հղի են լուրջ եւ բազմակողմ կորուստներով: Համապատասխանաբար, հերթական արյունահեղության կանխումը տարածաշրջանում Եվրոպայի համար բոլորովին էլ լոկ բարոյական հրամայական չէ:
---