Արցախը երբեք եւ ոչ մի պայմանով Ադրբեջանի մաս չի կազմի

Բակո Սահակյան.

Արցախը երբեք եւ ոչ մի պայմանով Ադրբեջանի մաս չի կազմի

PanARMENIAN.Net - Փետրվարին լրանում է ղարաբաղյան շարժման 21 տարին, սակայն, հակամարտությունը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ մինչ այժմ դեռեւս կարգավորված չէ: Մադրիդյան առաջարկները, որոնց հիման վրա այս փուլում ընթանում են բանակցությունները, դեռեւս չեն ստացել կողմերի հավանությունը եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հավանությունը: ԼՂՀ-ում իրավիճակի եւ Ստեփանակերտի դիրքորոշման մասին հակամարտության կարգավորման վերաբերյալ PanARMENIAN.Net-ին է պատմել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Վերջերս շատ է խոսվում բանակցություններին ԼՂՀ ներկայացուցչի մասնակցության անհրաժեշտության մասին, սակայն խոսակցություններից այն կողմ գործը չի գնում: Ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակով պետք է ներկայացված լինի ԼՂՀ կառավարությունը բանակցություններում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ անփոփոխ է մնացել` առանց Արցախի մասնակցության որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել չի լինի: Դա խոստովանում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից սկսած մինչեւ կոնկրետ քայլերի եւ պայմանավորվածությունների մշակում ու իրագործում:

Ինչ վերաբերում է ներկայացուցչության մակարդակին, ապա այն պետք է համապատասխանի բանակցային գործընթացի մյուս կողմերի ներկայացվածության մակարդակին, առաջին հերթին Ադրբեջանի: Եթե բանակցությունները գնում են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա ԼՂՀ-ն պետք է ներկայացնի երկրի նախագահը, եթե արտգործնախարարների մակարդակով` մեր հանրապետության արտգործնախարարը:

Ինչպե՞ս եք գնահատում արդեն 20 տարի չլռող Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, թե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայում է ազգերի ինքնորոշման սկզբունքի հանդեպ:

Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում միջազգային իրավունքը, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե մեկնաբանությունը ճիշտ է: Միջազգային իրավունքում չկա եւ չի կարող լինել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայություն ազգերի ինքնորոշման սկզբունքի հանդեպ: Եվ դրա վառ ապացույցն է Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը; Համոզված եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման միակ մեխանիզմը Արցախի ինքնորոշման փաստի ճանաչումն է:

Ինչի՞ն երբեք չի համաձայնվի ԼՂՀ ժողովուրդը խաղաղ պայմանագրի հնարավոր ստորագրման դեպքում:

Ցանկանում եմ կրկնել մեկ անգամ եւս, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումը անհնար է առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի եւ համակողմանի մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է մեզ համար անընդունելի: ԼՂՀ դիրքորոշումը հետեւյալն է` մեզ համար չի կարող վերադարձ լինել դեպի անցյալ, Արցախը երբեք եւ ոչ մի պայմանով Ադրբեջանի մասը չի լինի: Չի կարող կասկածի տակ առնվել նաեւ ԼՂՀ անվտանգության ապահովումը բոլոր առումներով: Ինչ վերաբերում է առանձին հարցերի, ապա մենք պատրաստ ենք քննարկել դրանք Ադրբեջանի հետ:

Կա՞ն արդյոք տարաձայնություններ Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ հակամարտության կարգավորման մեթոդների հարցում:

Կարծում եմ, մեր ժողովրդի մոտ մշակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տրամաբանության համազգային դիրքորոշում: Եվ այստեղ տարաձայնություններ լինել չեն կարող: Մենք երախտապարտ ենք Հայաստանին` ԼՂՀ շահերը բանակցություններում ներկայացնելու եւ պաշտպանելու համար: Սակայն, ինչպես արդեն ասացի, առանց ԼՂՀ անմիջական մասնակցության ղարաբաղյան հակամարտությունը անհնար է կարգավորել: Հիմնականում հենց բանակցությունների ոչ լիարժեք ձեւաչափի պատճառով է, որ ձգձգվում է ղարաբաղա-ադրբեջանական դիմակայությունը: Սակայն դա պաշտոնական Բաքվի մեղքն է, որի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով մեր երկիրը, հակամարտության կողմ լինելով Ադրբեջանի հետ մեկտեղ, չի մասնակցում նրա կարգավորման շուրջ բանակցություններին:

Ինչպիսի՞ն եք տեսնում ԼՂՀ ապագան տարածաշրջանում:

Մեր հանրապետությունը բոլոր պայմաններն ունի կայուն զարգացման համար: Դա եւ բնական պաշարներն են, եւ ամենակարեւորը, մարդկային կապիտալը: Մենք կշարունակենք ամրապնդել մեր անկախ պետականությունը, զարգացնել տնտեսությունը, կառուցել ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն, անընդմեջ բարձրացնելով մեր քաղաքացիների բարեկեցությունը: Համոզված եմ, մեր ժողովուրդն ու նրա պետականությունը խոստումնալից ապագա ունեն:
---