Գորան Լենմարկեր.

Ես լիահույս եմ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունվարյան հանդիպումը Ցյուրիխում ակտիվացրեց միջնորդների, եւ մասնավորապես, ԵԱՀԿ ջանքերը: Սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը հակամարտության գոտի, ներկայումս Հարավային Կովկաս է ժամանել Գորան Լենմարկերը: Եվրոպական կառույցները ցանկանում են որքան հնարավոր է արագ հանգուցալուծել հակամարտությունը, որն, իրենց կարծիքով, խանգարում է համագործակցությանը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
Որքանո՞վ են հիմնավորված Ձեր կանխատեսումները այս տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ես ընդհանրապես լավատես եմ եւ հուսով եմ, որ հակամարտության կողմերը համաձայնության կգան մինչեւ տարեվերջ: Շատ կարեւոր է, որ երկու երկրների առաջնորդները ստանձնեն հակամարտության լուծման պատասխանատվությունը: Պետք չէ մոռանալ, որ արդեն բավական ժամանակ է անցել: Կարգավորման հնարավորությունը մի քանի անգամ բաց թողնվեց: Հնարավորություններ միշտ կան, սակայն որքան շատ ենք ժամանակ ձգում, այնքան վատ բոլորի համար եւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը այս տարվա ամռանը Ղարաբաղի շուրջ շրջանակային համաձայնագիր կնքելու հնարավորության մասին, հեռու չէ ճշմարտությունից:

Սակայն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մինչ օրս չեն մասնակցում բանակցային գործընթացին: Ի՞նչ եք կարծում, լավ չէր լինի, եթե նրանք եւս ներգրավված լինեին բանակցային գործընթացում:

Ինչ-որ փուլում հնարավոր է, որ ԼՂ ներկայացուցիչները եւս մասնակցեն բանակցային գործընթացին: Սակայն, ինչպես գիտեք, դեռեւս Ղարաբաղի ժողովրդի շահերը ներկայացնում է Հայաստանը: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի, դա չափազանց կարեւոր է: Վերջերս երկու երկրների արտգործնախարարներն ու նախագահները հանդիպումներ են անցկացրել Ցյուրիխում: Ես մանրամասները չգիտեմ, սակայն այն, որ դրանք հանդիպել են, արդեն դրական ազդանշան է:

Հակամարտության կարգավորման հիմքում հիմնարար սկզբունքներն են, ամրագրված 1975թ. Հելսինկյան ակտում` ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս սկզբունքներից որեւէ մեկին առաջնություն տրվո՞ւմ է:

Երկու սկզբունքներն էլ մեզ համար համազոր են, մեկը մյուսի հանդեպ չի գերակայում եւ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ելնելով հենց այս դրույթից: Կողմերից յուրաքանչյուրը պետք է փոխզիջման գնա, լուծելու համար խնդիրը: Ես կցանկանայի հերթական անգամ ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ չի կարող ունենալ: Թե ինչի է հանգեցնում ռազմական լուծումը մենք տեսանք Հարավային Օսեթիայում օգոստոսյան իրադարձությունների ժամանակ: Նշանակում է, հիմնարար սկզբունքների մեկնարկային կետը, կրկնում եմ, հակամարտության խաղաղ կարգավորումն է: Նման խաղաղ որոշումը նշանակում է, որ երկու կողմերը պետք է համաձայնության գան, հարգելով հիմնարար սկզբունքները եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում: Եվ, անշուշտ, ողջ գործընթացը պետք է անցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ:

Հայաստանն ու Ադրբեջանը ընդգրկված են ԵՄ«Արեւելյան գործընկերություն» նոր նախաձեռնության մեջ: Գուցե՞ այս նախաձեռնությունը արագացնի հակամարտության լուծումը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա: Այն երկխոսության սկիզբ կհանդիսանա երկրների միջեւ եւ այդ առումով «Արեւելյան գործընկերությունը» կարող է մեծ դեր կատարել: Հարավային Կովկասի երկրները, որ ընտրել են զարգացման եվրոպական ուղին, պետք է հստակ գնան այդ ճանապարհով: Դա մի գործընթաց է, որ պետք է մշտական լինի: Պետք չէ մոռանալ, որ երկխոսության միջոցով ավելի հեշտ է շփման եզրեր գտնել: Ուստի ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նման երկխոսությունը կայանա:

Անցյալ տարի առաջխաղացում գրանցվեց հայ-թուրքական հարաբերություններում: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս «ֆուտբոլային դիվանագիտությանը»:

Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը շատ լավ է: Կա առաջընթաց, եւ ես հուսով եմ, որ հարաբերությունների կարգավորումը սարերի ետեւում չէ: Անշուշտ, կան ցավոտ հարցեր, որ վերաբերում են ընդհանուր պատմությանը: Ես կարծում եմ, որ պետք է ճանաչել դրանց գոյությունը եւ առաջ շարժվել: Ողջ աշխարհը գիտի, թե ինչ է կատարվել Առաջին աշխարհամարտի տարիներին: Սակայն հարկավոր է առաջ գնալ, քայլ առ քայլ եւ աշխատել համաձայնության գալ: Դա հարկավոր է եւ Հայաստանին, եւ Թուրքիային:

Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Իրանը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Խնդիրների լուծման համար ցանկացած օգնություն ողջունելի է: Սակայն պետք չէ մոռանալ, որ Իրանն իր խնդիրներն ունի համաշխարհային հանրության հետ: Ես կարծում եմ, որ եթե ամռանը Իրանի նախագահ ընտրվի Մոհամմադ Խաթամին, ապա տարածաշրջանում փոփոխություններ տեղի կունենան: Խաթամին ավելի հավասարակշռված քաղաքական գործիչ է, քան այժմյան նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նշեմ նաեւ, որ ԵՄ-ն այնուամենայնիվ հուսով է, որ հնարավոր է Իրանի հետ ուղիղ եւ անկեղծ երկխոսություն վարել միջուկային ծրագրի շուրջ:
---