Ղարաբաղյան կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց չկա

Ալան Կասաև.

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց չկա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման թեման կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագիտական հանրության շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը G8 գագաթնաժողովում միայն խթան հանդիսացավ կարծիքների առավել ինտենսիվ փոխանակման և մեկնաբանությունների համար: Բանակցային գործընթացի ներկա փուլի և կարգավորման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը:
Ի՞նչ եք կարծում, որ փուլում է գտնվում ղարաբաղյան կարգավորումը և ինչպես անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմարշը Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ:
Վերջին 1,5 տարում ղարաբաղյան հարցում խոսքը գնում էր այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ քննարկվում են Մադրիդյան սկզբունքները: Դա սկսվեց մոսկովյան հանդիպումից` 2008թ. նոյեմբերին և շարունակվում է մինչ օրս: Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, որից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց: Ես կարծում եմ, որ ղարաբաղյան կարգավորման լուրջ առաջընթացի մասին խոսք չկա: Սակայն, ինձ թվում է, որ բանակցային գործընթացը տեղավորվում է հայ-թուրքական հարաբերությունների և Իրանի հետ հարաբերություններում համատարածաշրջանային համատեքստում: Ընդ որում Իրանն այստեղ դիտարկվում է որպես ճնշման օբյեկտ միջազգային հանրության կողմից և որպես առավել ակտիվ քաղաքականության օբյեկտ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ, ինչը հատկապես հստակ արտահայտվեց վերջին մի քանի ամսում: Թուրքիան գնալով իր առանձին դիրքորոշումն է որդեգրում, որը լիովին չի համընկնում ԵՄ-ի, Ռուսաստանի և նույնիսկ ԱՄՆ-ի դիրքորոշման հետ: Ինձ թվում է, որ այդ ամենը հարկավոր է համալիր վերլուծության ենթարկել: Եթե դա անենք և փորձենք որևէ եզրակացության հանգել այն հարցում, թե իրականում ինչ է կատարվում ղարաբաղյան կագվարոման վերաբերյալ բանակցային գործընթացում, պատասխանը ավելի շուտ բացասական կլինի, այսինքն հազիվ թե որևէ իրական առաջընթաց ձեռք բերվի:

Ադրբեջանը պնդում է, որ գոյություն ունեն նորացված Մադրիդյան սկզբունքներ, իսկ հայկական կողմը հակառակն է պնդում`որ նման բան չկա: Ձեր կարծիքով, գոյություն ունե՞ն ընդհանրապես Մադրիդյան սկզբուքներ և ինչո՞ւ է նման հակասություն առաջանում:
Իրականում խոսքն այն մասին է, որ նորացված տարբերակում է փոխված են առանձին բառերի և նախադասությունների տեղերը, սակայն արմատական փոփոխություններ չկան: Նման տեսակի փաստաթղթերի միջազգային և իրավական ասպեկտը թույլ չի տալիս խոսել այն մասին, թե ինչ-որ բան փոխվել է: Ըստ իս, չկան նաև սկզբունքային փոփոխություններ:

Այս պահի դրությամբ կա՞ այդ հակամարտության հանգուցալուծման հեռանկար, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, իսկ Ադրբեջանի համար այն, որ լուծումը պետք է լինի միայն տարածքային ամբողջականության շրջանակներում: Կողմերի մոտեցումները հակամարտության կարգավորմանը հակասական են: Այդ ֆոնի վրա որքանո՞վ են արդյունավետ այդ բանակցութհյունները և արդյունք տալիս են արդյոք:
Բանակցությունները պետք է շարունակվեն ցանկացած դեպքում, պայմանագրերը պետք է պահպանվեն: Դա է միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկը դեռևս Հռոմեական կայսրությունից ի վեր: Համապատասխանաբար, պայմանավորվածությունները պետք է կատարվեն, և բանակցային գործընթացը պետք է շարունակվի, կարևոր չէ, թե ով է այս դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից հանդես գալիս նախաձեռնողի դերում: Ենթադրենք, այս պահի դրությամբ դա Ռուսաստանն է, սակայն գործընթացի շրջանակներում հանդիպման նախաձեռնությամբ վաղը կարող են հանդես գալ Միացյալ Նահանգները: Դա այնքան էլ կարևոր չէ, կարևոր է բուն բանակցային գործընթացը: Սակայն, այսօր ես առաջընթաց չեմ տեսնում, սակայն կողմերը համաձայն են հանդիպել, քննարկել և շարունակել բանակցությունները: Ընդ որում, պետք է ի նկատի ունենալ, որ Ադրբեջանը գտնվում է հերթական խորհրդարանական ընտրությունների շեմին և դա չի թեթևացնում բանակցային գործընթացի ընթացքը: Իսկ Հայաստանը բարդ վիճակում է, կապված նրա հետ, որ փաստորեն արգելվեց Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը: Կողմերի ընդունած փաստաթղթերը չեն փոխանցվել խորհրդարան, վավերացման գործընթաց չի սկսվել, Հայաստանի տրանսպորտային շրջափակումը շարունկավում է նույն ձևով, ինչ կար 90-ականների վերջում: Ինձ թվում է, որ ինչ-որ բան կշարժվի մեռյալ կետից նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Գուցե, ինչ-որ նախաձեռնություն լինի Թուրքիայի կողմից` ուղղված հայ-թուրքական մերձեցման գործընթացի մեղմացմանը: Ամեն դեպքում, ես դա չեմ բացառում: Սակայն, այսօր Թուրքիան առավել ակտիվ դեր է ստանձնել միջազգային ասպարեզում, և այստեղ շատ կարևոր կլիներ Անկարայի համար ոչ միայն ամրացնել իր դիրքերը իսլամական աշարհում, ոչ միայն ամրագրել Էրդողանի կուսակցության առաջատար դիրքերը երկրի քաղաքական կյանքում, այլ միաժամանակ ինչ-որ իրական կառուցողական մոտեցում ցուցաբերել Հարավային Կովկասի այդ կարևոր նախաձեռնության ուղղությամբ: Այդ առումով, հավանաբար, հաջորդ տարին նշանակալից լինի:

Ղարաբաղյան կարագավորումը և հայ-թուրքական մերձեցումը կարող են ազդել միմյանց վրա, չնայած նրան, որ ըստ գերտերությունների հայտարարությունների, շաղկապված չեն:
Այդ գործընթացները ցանկացած դեպքում շաղկապված են, քանի որ ադրբեջանական կողմը հոռետեսորեն է վերաբերվել այդ գործընթացին և թաքնված դժգոհություն է հայտնել թուրքական կողմի քաղաքականության հանդեպ: «Երկու երկիր` մեկ ժողովուրդ» սկզբունքը իրապես գոյություն ունի և Ադրբեջանում կցանկանային, որ հայ-թուրքական մերձեցումը զուգորդվեր ղարաբաղյան կարգավորման հետ: Դրա մեջ կա իրականության տարր` այսինքն, ընդհանուր առմամբ այդ երկու գործընթացները շաղկապված են ու կարող են ազդել միմյանց վրա:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
---