Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում

Մանուչհեր Մոթթակի.

Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևերի ընդունմանը հաջորդեցին նոր պատժամիջոցները Իրանի դեմ: Հայաստանի համար, որը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ և մի շարք կարևոր ռազմավարական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ, հատկապես կարևորվում է երկխոսության հաստատումը Թեհրանի ու Արևմուտքի միջև և խնդրի խաղաղ կարգավորումը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային հարցերում Թեհրանի դիրքորոշման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ասպարեզում իրանական կողմի ակտիվացման մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչհեր Մոթթակին:
Վերջին տարիներին հայ-իրանական հարաբերություններում, հատկապես տնտեսական եւ էներգետրկ ոլորտներում նկատվում է ակտիվություն: Ինչ±պես եք գնահատում Երեւանի եւ Թեհրանի միջեւ քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում հարեւանների հետ հարաբերությունները եւ այս առումով Հայաստանը հատուկ տեղ է գրավում: Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները տարբեր ոլորտներում, մասնավորապես տնտեսական բնագավառում լավ զարգացում են ունեցել, եւ երկու երկրների բարձրագույն ղեկավարների այցելություններն ու ստորագրված փաստաթղթերը խոսում է այս հարաբերությունները առավել զարգացնելու հաստատուն կամքի մասին:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի իններորդ նիստի շրջանակներում տարբեր ոլորտների վերաբերյալ ձեռք են բերվել լավ համաձայնություններ, որոնց իրագործման ուղղությամբ պետք է քայլեր կատարենք: Երկու երկրների միջեւ երրորդ` 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության պայմանագրի շուրջ վերջնական պայմանավորվածությունը, ինչպես նաեւ Արաքս գետի վրա ջրամբարի եւ Մեղրիի ՀԷԿ-ի իրականացման նախագիծը նախկինում իրագործված Իրանից Հայաստան գազի արտահանման ծրագրի կողքին կարող են առավել նպաստել երկու երկրների համագործակցության ամրապնդմանը: Հուսով եմ, որ երկու երկրների համապատասխան պաշտոնյաների համագործակցության ու օժանդակության շնորհիվ մոտ ապագայում նավթամթերքներ տեղափոխող խողովակաշար եւ Հայաստանում նավթամթերքների տերմինալ կառուցելու նախագծերի շուրջ վերջնական համաձայնության կայացման ականատեսը լինենք: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Հայաստանում իրականացվող տեխնիկական եւ ճարտարագիտական տարբեր նախագծերում, օրինակ հյուսիս-հարավ մայրուղու նախագծի իրագործման մեջ եւս իր նշանակալից եւ լուրջ մասնակցությունը ունենալ: Իմ համոզմամբ, հարաբերությունների ներկա մակարդակը հաստատպես եւ վստահաբար հարիր չէ երկու երկրների հարաբերություններին եւ երկկողմ հարաբերություններում առկա է չօգտագործված շատ հնարավորություններ ու պոտենցիալ եւ նկատի ունենալով, որ հարաբերությունների ընդլայնման համար չկա որեւէ սահմանափակում, հարկավոր է, որպեսզի պատշաճ գործողություններով եւ օգտագործելով անհրաժեշտ միջոցներ, այդ թվում երկու երկրների միջեւ ազատ առեւտրի եւ նախընտրելի տարիՖների մասին համաձայնագրերի մշակումը, երկկողմ փոխհարաբերությունները բարձրացնենք հարեւան երկրների հարաբերություններին հարիր եւ ընդունելի մակարդակի (նվազագույնը մեկ մլրդ դոլարի): Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները վերջին տարիներին զգալի աճ են գրանցել, եւ դա ոչ միայն տնտեսական եւ ռազմավարական բնույթի նախագծերի իրականացման ոլորտում, այլեւ քաղաքական եւ մշակութային բնագավառներում: Վերջին տարիների ընթացքում երկու երկրների քաղաքական խորհրդակցությունները տարբեր պատվիրակությունների փոխայցելությունների եւ համատեղ հայտարարությունների ընդունման առումով զգալի եւ տեսանելի է եղել: Բացի դրանից, երկու երկրների քաղաքական ղեկավարները, ըմբռնելով տարածաշրջանային եւ տարածաշրջանից դուրս տեղի ունեցող քաղաքական զարգացումները, միջազգային համաժողովների շարջանակներում իրենց ռոտացիոն հանդիպումներում կարիծքներ են փոխանակում երկկողմ հետարքրքրություն ներկայացնող քաղաքական խնդիրների շուրջ:

Վերջերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ պաշտոնական Թեհրանը ներկայացրել է առաջարկ` կազմակերպելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում` ղարաբաղյան հակամարտության խնդրի կապակցությամբ: Արդյ±ոք կարելի է ասել, որ Իրանը ցանկանում է Ղարաբաղի հարցում Մինսկի խմբին զուգահեռ սկսել միջնորդական գործընթաց:

Տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության կայացմանն ու միջազգային իրավունքի կանոնների եւ օրենքների շրջանակներում տարածաշրջանային ու միջազգային հակամարտությունների խաղաղ լուծմանը նպաստելը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է:

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հաստատակամ է եղել իրագործելու այդ քաղաքականությունը եւ այնտեղ որտեղ կարիք լինի, կներդնի իր ջանքերը, որպեսզի տարաձայնությունները լուծվեն լավագույն կերպով, այսինքն ապահովելով հակամարտող երկրների շահերը եւ հաստատելով տարածաշրջանային կայունություն: Ղարաբաղյան հակամարտությունը, որը գտնվում է մեր հարեւանությամբ եւս այս շրջանակներից դուրս չէ: Այդ ուղղությամբ Իրանի ջանքերն ու նախաձեռնությունները կարող են լրացնել մյուս գործողությունները: Բացի դրանից, մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջոցով:

Նկատի ունենալով Իրանի ակտիվությունը տարածաշրջանային գործընթացներում, խնդրվում է ներկայացնել պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է` հակամարտող կողմերին խրախուսել ցուցաբերել զսպվածություն եւ խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, եւ Իրանը պատրաստակամություն է հայտնում նպաստել այդ գործընթացին:

Իրանական կողմը բազմիցս շեշտել է, որ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ինչ±պիսին էր պաշտոնական Թեհրանի արձագանքը` գործընթացի ներկա փուլի սառեցման ուղղությամբ պաշտոնական Երեւանի որոշմանը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիայի եւ Հայաստանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ եւ ցանկանում է, որպեսզի բոլոր հարեւան երկրների սահմանները լինեն խաղաղ եւ կայուն, եւ այդ շրջանակներում ոչ միայն ողջունում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների ձեւավորումն ու սահմանների վերաբացումը, այլեւ հայտնել է իր պատրաստակամությունը` օժանդակելու այդ գործընթացին: Մեր համոզմամբ, երկրների փոխհարաբերություններում հիմնախնդիրների եւ պատմական հարցերի լուծումը պետք է իրականանա անհրաժեշտ Ֆոնի եւ պայմանների ստեղծման լույսի ներքո:

Իրանում ինչ±պես է գնահատվում իրանական միջուկային ծրագրի հարցում Թուրքիայի միջնորդական ջանքերը Արեւմուտքի եւ Իրանի միջեւ:
Վառելիքի փոխանակման մասին 2010թ. մայիսի 17-ին Իրանի, Բրազիլիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված Թեհրանի հայտարարությունը շրջադարձային կետ է, որը հեշտացնում է կառուցողական եւ համագործակցության մթնոլորտի ստեղծվելը: Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թեհրանի հայտարարությանը իր հավատարմությունը շեշտելու ուղղությամբ, 2010թ. մայիսի 24-ին մի նամակ ուղարկեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղարին:

Այժմ հակառակ կողմերի հերթն է, որպեսզի ցույց տան իրենց բարի կամքը: Վիեննայի խմբի կողմից դրական պատասխան ստանալու դեպքում, պատրաստ ենք Թեհրանի հայտարարության հիման վրա սկսել բանակցությունները` վառելիքի փոխանակման համաձայնագրի վերաբերյալ:

Հուսով ենք, որ հակառակ կողմերը ըմբռնելով այս պատմական հնարավորությունը, կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել այս հնարավորության կորստին:

Անկասկած Իրանի Իսլամական Հանրապետության հարցում ճնշում գործադրելու քաղաքականությունն ու մաքսիմալիզմը արդյունավետ չէ եւ այդ քաղաքականության անարդյունավետությունը բազմիցս ապացուցվել է:

Ցավոք սրտի միջուկային ծրագրի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դիրքորոշումը բախվեց որոշ արեւմտյան երկրների հապճեպ եւ անտրամաբանական քայլերին, որոնք կարող են խաթարել Թեհրանի հայտարարությունից բխած դրական մթնոլորտն ու համագործակցության ձգտումը:

Թուրքիան եւ Բրազիլիան իրենց ակտիվ դիվանագիտությամբ կարեւոր դեր խաղացին Իրանի միջուկային հարցում համապատասխան կողմերի միջեւ փոխըմբռնման համար երկխոսության պատուհանը բաց պահելու ուղղությամբ: Այս առումով այն համոզմունքին ենք, որ համաշխարհային հանրությունը պետք է գնահատի նրանց ջանքերը: Իհարկե ամերիկացի պաշտոնյաների եւ ԱՄՆ որոշ դաշնակիցների հայտարարությունները խոսում է այդ ջանքերը վնասելու` նրանց մտադրության մասին: Նրանք նաեւ մտահոգված են նոր ուժային բլոկների` միջազգային ասպարեզ մուտք գործելու կապակցությամբ:

Նկատի ունենալով` մի կողմից 1929 բանաձեւի ընդունումը, իսկ մյուս կողմից Իրանի հետ բանակցությունները շարունակելու առաջարկությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը համարում է, որ արեւմտյան երկրների կողմից երկակի ստանդարտների կիրառումը ճիշտ չէ եւ Իրանի ժողովուրդը կարծում է, որ նման երկակի ստադարտներն ու քաղաքականությունը չեն կարող ազդեցություն ունենալ: Խտրական գործողություններից խուսափելը եւ միջազգային ասպարեզում անարդարության վերացումը ժողովուրդների իրավունքները հարգելու լավագույն ճանապարհն են: ՄԱԿ Անվտանգության Խորհրդում հակաիրանական չորրորդ բանաձեւի ընդունումը, որը ընդունվեց առանց կոնսենսուսի, սխալ եւ անօրինական քայլ է եւ դրա նպատակն է արգելել Իրանի ժողովրդին` մատչելի դարձնելու համաշխարհային առաջընթացն ու նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիան, որը ոչ միայն կառուցողական եւ արդյունավետ չի լինելու առկա խնդիրների լուծման համար, այլեւ աշխարհի ժողովուրդների հասարակական կարծիքի հիշողության մեջ պատկերում է միջուկային խտրականությունը:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
---