ՈՎ ԴԻՄՈՒՄ Է ՈՒԺԻ, ՀՍԿԱՅԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՆՈՒՄ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Ով դիմում է ուժի, հսկայական վնաս է հյասցնում նախ եւ առաջ իր ժողովրդին: Այս մասին 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հայտնել է «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում: Մեկնաբանելով այն կարծիքը, որ միայն այն բանից հետո, երբ Հեյդար Ալիեւը իշխանության գլուխ կանգնեց նրան հաջողվեց անասելի ջանքերի գնով իր ձեռքը հավաքել առանձին-առանձին զինված խմբավորումների ղեկավարությունը եւ ապահովել զինադադարի ռեժիմի պահպանումը եւ այդ փաստի չհիշատակելը հանդիսանում է ճշմարտության խեղաթյուրում եւ նպատակ է հետապնդում հատկապես պաշտոնական Ադրբեջանին ներկայացնել ագրեսորի դերում, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ «հայկական կողմերի մոտ էլ է եղել ռազմական կառույցների կայացման ժամանակաշրջան. նրանք եւս կարող էին վկայակոչել չվերահսկվող զորամիավորումները (երբեմն հենց դրանք էլ իրենց դրսեւորում էին, սակայն` ավելի քիչ ու հազվադեպ): Պետք է խոստովանել, որ հայերը, հատկապես` ղարաբաղցիները, ավելի հավաք էին ու կազմակերպված, համարյա չէին խախտում պայմանավորվածությունները, չէին դիմում նման վկայակոչումների: Իշխանությունները կատարվածի համար իրենց պատասխանատվության բաժինն ունեն ցանկացած պետությունում»: Նրա խոսքերով`

բանը չի սահմանափակվում ռազմաճակատային իրադարձություններով: «Իսկ ի՞նչ էր կատարվում մայրաքաղաքներում, գրասենյակներում: Ոչ թե դաշտային հրամանատարները, այլ հենց պաշտոնական Բաքուն էր խուսափում բազմաթիվ խաղաղ նախաձեռնություններից (ե՛ւ Էլչիբեյի, ե՛ւ Հ. Ալիեւի ժամանակ), մինչդեռ հայերը համարյա միշտ դրանց համաձայնություն էին տալիս: Երբեմն Բաքուն ընդհանրապես չէր պատասխանում առաջարկներին, կրակի դադարեցման համար հաճախ նախապայմաններ էր առաջադրում: 1993-ի դեկտեմբերի 17-ից կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը թաղվել է ոչ թե ճակատում, այլ Բաքվում (կարելի է փաստաթղթեր հրապարակել)»,- նշել է ռուս դիվանագետը: Բայց չէ՞ որ հենց դրանից` ռազմական գործողությունների դադարեցումից էր ուղղակի կախված` կիրականացվե՞ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը (ե՛ւ այդ առաջնային պահանջի, ե՛ւ մյուսների դեպքում):Նրա խոսքերով` արդեն բոլոր 4 բանաձեւերի առկայության դեպքում Բաքուն 4 անգամ խափանել է կրակի դադարեցումը եւ էլի 4 անգամ խուսափել պայմանավորվածությունների ձեւակերպումից. ձմեռային կենտրոնացված հակահարձակում էր իրականացնում: «Ահա թե ինչու ես կարող եմ դատել այն մասին, թե ով էր նախընտրում հակամարտության լուծման ուժային տարբերակը: Վերադառնանք մեր օրերը: Ո՞վ է դարձյալ խոսում ուժային լուծմանը դիմելու մասին, թեթեւամտորեն չի ցանկանում դասեր քաղել նույնիսկ սեփական սխալներից: Թող ռեւանշի տրուբադուրները հաշվարկներ անեն ու հրապարակեն դրանք, թե ի՞նչ կնստի դա երկու ժողովուրդների կամ գոնե սեփական ժողովրդի վրա: Ներեցեք երկար պատասխանի եւ ուղղախոսության համար. եղել եւ մնում եմ ժողովուրդների խաբեության եւ արյունարբու անուրջների վճռական հակառակորդը»,- թեզրափակել է Վլադիմիր Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---