ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի ունեցավ ցեղասպանություններին նվիրված միջազգային կոնֆերանս, որը կազմակերպել էր Բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական խումբը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կոնֆերանսին որպես հիմնական բանախոս հրավիրված էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բացման խոսքով հանդես եկան հայ-բրիտանական բարեկամական խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոկսը եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ելույթ ունեցան Կանադայի վարչապետի ավագ խորհրդական Սարգիս Ասատուրյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի ֆրանս-հայկական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, Հոլոքոստի հիշատակի Բեթ Շալոմ հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեյմս Սմիթը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Վարդան Օսկանյանը: Կոնֆերանսի թեման ցեղասպանությունն էր, որն այսօր էլ դիտվում է որպես սպառնալիք մարդկությանը, միջազգային հանրության կողմից դրա կանխարգելման եւ դատապարտման հարցերը, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության անընդունելիությունը: Հայոց ցեղասպանության հարցը քննարկվեց նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համատեքստում, նշելով, որ նախքան այդ Անկարան պարտավոր է ճանաչել այն եւ կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ: Վարդան Օսկանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց թուրքական կառավարության խոսքի եւ գործի հակասության վրա, որը մի կողմից միջազգային հանրության առջեւ փորձում է երեւալ հաշտեցման կողմնակից, մյուս կողմից քրեականացնում է «ցեղասպանություն» տերմինը, արգելում իր երկրում այդ թեմայով հասարակական քննարկումները եւ նույնիսկ պահանջում բրիտանական կառավարությունից վերագրել դիվանագետ Ջեյմս Բրայսի եւ պատմաբան Արնոլդ Թոյնբիի վկայած պատմությունները: Այնուամենյանիվ, Վարդան Օսկանյանն այլընտրանք չտեսնելով հայ-թուրքական հաշտեցման, Հայաստանի պատրաստակամությունը հայտնեց առանց նախապայմանների կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները: Կոնֆերանսին մասնակցում էին բրիտանական քաղաքական եւ հասարակական գործիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, դիվանագետներ, բրիտանական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նման մակարդակի միջոցառում կազմակերպվել էր 2000թ. Հայոց ցեղասպանության 85-ամյակի կապակցությամբ: Կոնֆերանսից հետո Լորդերի պալատում նախարար Վարդան Օսկանյանի պատվին տրվեց ճաշ: Կեսօրից հետո Բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը 3.000 ստորագրություններով հաստատաված խնդրագրով դիմեց բրիտանական կառավարությանը` պահանջելով ճանաչել 1915թ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը եւ նպաստել հայ-թուրքական հաշտեցմանը: Նույն օրն առավոտյան Վեստմինստերի աբբայության Սբ. Մարգարիտ եկեղեցում մատուցվել էր Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված անգլիկան եւ հայ առաքելական եկեղեցիների համատեղ հիշատակի պատարագ, որին ներկա էին Վարդան Օսկանյանը, դեսպան Վահե Գաբրիելյանը, բարոնուհի Քոկսը, Բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի հիմնադիր դուքս Շանոնը, խորհրդարանական Թեդդի Թիփինգը, Աբբահայր Ռայթը եւ այլոք: Նույն օրը երեկոյան Վարդան Օսկանյանը Լոնդոնից մեկնեց Բրյուսել` Հյուսիսատլանտյան խորհրդին եւ ԵՄ-ին ներկայացնելու Հայաստանի գործողությունների ծրագիրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---