ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԴԺՎԱՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը կարող է որոշվել միայն տարածաշրջան ադրբեջանական բնակչության վերադարձից հետո: Եվ այդ կարգավիճակը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է տրամադրել Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության բարձր աստիճան»: Մամեդյարովը նշել է նաեւ, որ օգոստոսի 26-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպման օրակարգը կախված կլինի երկու երկրների ԱԳՆ ղեավարների օգոստոսի 23-ին կայանալիք բանակցությունների արդյունքներից: Պատասխանելով նախագահների կողմից կարգավորման վերաբերյալ որեւէ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին հարցին` Մամեդյարովը դա վաղաժամ է համարել: Ինչպես նշել է Ադրբեջանի ԱԳՆ նախագահը, բանակցությունները «գրավյալ տարածքների» ազատման եւ ԼՂ քաղաքական կարգավիճակի մասին դժվար են ընթանում: «Որոշ նյուանսներ մենք կարողացանք համաձայնեցնել: Սակայն ընդհանուր առմամբ մենք պետք է շարունակենք բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ լուրջ է վերաբերվում տվյալ հարցին: Ներկայացնում է իր առաջարկները, ակտիվորեն աջակցում է բանակցային գործընթացին»,-ասել է նախարարը: Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանը միշտ բարձրացնում է ԼՂ անվտանգության հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը առաջարկում է բացել Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Սիսիան-Շախբուզ-Սադարակ ավտոճանապարհը: Այդ ճանապարհի գործարկումը, որը կմիացնի Հայաստանը ԼՂ-ի եւ Ադրբեջանը Նախիչեւանի ինքնավար հանրապետության հետ, շահավետ է երկու կողմերին: Բացի այդ, դեռեւս 1994 թվականի ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում որոշում էր կայացվել խաղաղ պայմանագրի կնքման դեպքում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերկանգնմանը, ապա, ըստ Մամեդյարովի, այն հատվածը, որն անցնում է «գրավյալ տարածքներով» լիովին քանդված է: Դա հայտնաբերել է փաստահավաք առաքելությունը: Ճանապարհի վերականգնման համար կպահանջվի առնվազն 2 տարի:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---