ԵՄ-ն չափազանց բացասաբար է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման վերաբերյալ հայտարարություններին

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Բրյուսել կատարելիք այցի ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՄ միասնական պաշտպանական եւ արտաքին քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ կքննարկի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցեր: Այդ մասին ասել է Խավյեր Սոլանայի մամլո քարտուղար Քրիսթինա Գալաչը: Նա նշել է, որ «Եվրոպական Միությունը մտադիր է խորացնել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ բոլոր ուղղություններով, եւ մենք պետք է օգտագործենք այն հնարավորությունները, որոնք ընձեռում են բարձր մակարդակի այսօրինակ հանդիպումները»: «Մեզ նաեւ հետաքրքրում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը ոչ միայն Հարավային Կովկասում իր անմիջական հարեւանների, այլեւ տարածաշրջանի այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին` ներառյալ Ռուսաստանը», - ասել է Քրիսթինա Գալաչը: Բացի այդ, նա ասել է, որ Եվրոպական Միությունը «չափազանց բացասաբար» է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու հնարավորության մասին ցանկացած հայտարարություններին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը խաղաղ բանակցություններն են: Այնպիսի բառեր, ինչպիսիք «պատերազմն» է, պետք է վճռականորեն մերժվեն», - հայտարարել է Քրիսթինա Գալաչը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---